IMG_3528Ապրիլի 15-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանն ընդունել է Հարավային Կովկասում, Կոսովոյի և Մակեդոնիայի Հանրապետություններում GIZ-CIM (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն) փորձագետների ծրագրի համակարգող Ելիզաբեթ Ռիխթերին: Հանդիպմանը մասնակցել են նաև աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Դումանյանը, ռազմավարության, պլանավորման, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Վարդանյանը և ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը, ինչպես նաև փորձագետ Վոլֆրամ Փֆահլերը:

Այցի նպատակը փորձագիտական ներուժի գնահատումն էր, նաև՝ փոխգործակցության նոր ուղղությունների ու հնարավորությունների բացահայտումը:

Լուսինե Դավթյանը, ողջունելով հյուրերին, բարձր և արդյունավետ է գնահատել գերմանական կազմակերպության հետ Ծառայության համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական: Իսկ համագործակցությունն այդ կայուն հիմքերի վրա է դրվել հատկապես GIZ-CIM ծրագրի փորձագետ Վոլֆրամ Փֆահլերի շնորհիվ, ով միաժամանակ հանդիսանում է Ծառայության պետի խորհրդականը: ՍԱՊԾ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել փորձագետ Վոլֆրամ Փֆալերին ՍԱՊԾ-ում կատարած փորձագիտական մեծ աշխատանքի համար` կարևորելով նրա ներդրումն ու աջակցությունը ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի զարգացման և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման գործընթացում. արդյունքում բարելավվել է լաբորատորիայի աշխատանքը, ստեղծվել որակի ապահովմանն ուղղված՝ օգտակար ձեռնարկ:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ համագործակցության արդյունքում ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ը շուտով կունենա սննդամթերքի ոլորտում միջազգային ISO/IEC 17025 հավատարմագրում, իսկ հետագայում պատրաստվում է նաև ընդլայնել հավատարմագումը՝ ընդգրկելով անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառները:

Հանդիպումն ավարտվել է համաձայնությամբ` հետագայում շարունակելու համագործակցությունը և նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ ուղղությամբ: