ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսված արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների սպասարկման կենտրոնների կառուցման համատեքստում՝ այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գյումրիի մարզային կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցություն տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի, ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանի, ինչպես նաև սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի աշխատակիցների մասնակցությամբ:

Գյումրիում նախատեսվող ԱՏԳ կենտրոնի ստեղծման աշխատանքները մեկնարկել են, և այդ աշխատանքների մասնակից է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Այն աշխատելու է «մեկ կանգառ մեկ պատուհան» սկզբունքով, որն այսուհետև ծառայություններ կմատուցի արդիականացված ու բարելավված պայմաններում. Գյումրիում կգործի հատուկ նմուշառման բաժին:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատակիցների մասնագիտական պարտականությունները, նրանց ներկայացվող պահանջները, կառուցվածքային առանձնահատկությունները: Տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը խոսել է կենտրոնները համապատասխան մասնագետներով համալրելու և նրանց մասնագիտական որակներն ապահովելու և պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտության համար:

Սա կարևոր  նախագիծ է՝ հաշվի առնելով, որ Գյումրին,  աշխարհագրական դիրքով պայմանավորված, ունի բեռնափոխադրման մեծ հոսք, և պետք է ապահովված լինեն բոլոր այն պայմանները, որոնք տնտեսավարողներին հնարավորություն կտան ներմուծման-արտահանման գործընթացներն իրականացնել առավել արագ և առանց լրացուցիչ խոչընդոտների: