ՈՒՂԵՑՈՒՅՑ
Կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման վերաբերյալ
Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը կրում է գործատուն։ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունների աշխատողների համար աշխատանքի անվտանգ կազմակերպման նպատակով պետք է՝
- Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:
- Ապահովել դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ:
- Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն:
- Ապահովել փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար:
- Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել նվազագույնը օրական երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
- Սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:
- Ախտահաման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտպարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:
- Ապահովել աշխատատեղերի միմյանցից նվազագույնը 2 մետր հեռավորությունը (համաձայն Առողջապահական համաշխարհային կազմակերպության ցուցումների):
- Անձնական (դրսի և տնային) և աշխատանքային հագուստի պահպանման համար ապահովել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ,
- Հնարավորինս սահմանափակել ներգնա և արտագնա գործուղումները։
- Հարգելի համարել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով (թեթև հազ, ջերմության բարձրացում) աշխատակիցների բացակայությունն աշխատանքից, բացառել վերջիններիս մուտքը աշխատավայր, իսկ եթե ախտանիշները ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում՝ անհապաղ հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն և ապահովել աշխատակցի մեկուսացումը։
- Աշխատավայրում վիրուսով ախտահարված աշխատակից ունենալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում անհապաղ առանձնացնել այն անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ և հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը։
- Աշխատավայրում վարակի կասկածով աշխատակից ունենալու դեպքում զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ, հնարավորության դեպքում անմիջապես ախտահանել այն տարածքը, որտեղ աշխատել է աշխատակիցը, ինչպես նաև ցանկացած այլ տարածք և մակերես, որը կարող էր հասանելի լինել տվյալ աշխատակցին։
- Անհրաժեշտության դեպքում ապահովել մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը:
Աշխատանքի կազմակերպումը
- Ապահովել միաժամանակ աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ բազմազավակ մայրերի, 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ կամ այլ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, հիվանդներին և երեխաներին խնամող աշխատակիցների համար։
- Աշխատավայրում հիվանդության կասկածի պարագայում վարակին ոչ բնորոշ ախտանշանների դեպքում հրահանգել աշխատակցին անհապաղ անցնել տնից աշխատանքի ռեժիմի, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պարզապես հրահանգել աշխատակցին լքել աշխատանքի վայրը:
- Ներդնել անհրաժեշտ մեխանիզմներ աշխատանքը տնից կազմակերպելու համար՝ ապահովելով ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի դիմաց վարձատրությունն այն բոլոր դեպքերի համար, երբ կատարված աշխատանքի որակին և ժամկետներին ներկայացվող պահանջները պահպանված են։
- Իրազեկել աշխատակիցներին անվտանգ վարվելաձևի վերաբերյալ, մասնավորապես.
- խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,
- փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմունկով (ոչ ձեռքով),
- օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը,
- հաճախակի լվալ ձեռքերը օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,
- հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակներ և ձեռնոցներ, ցանկալի է նաև արտահագուստ (սանիտարական հագուստ)
- խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,
- խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ` պահպանելով առնվազն 2 մետր հեռավորություն,
- Աշխատանքային օրվա մեկնարկին և ավարտին ախտահանել սեղանը, համակարգիչը, հաճախակի օգտագործվող այլ պարագաները։ Յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։
Աշխատակիցների իրազեկման տեղեկատվական թերթիկ
- Ի՞նչ է վիրուսը
Կորոնավիրուսները կարող են առաջացնել ինչպես թեթև (սուր շնչառական վարակ, հարբուխ), այնպես էլ ծանր ընթացքով հիվանդություններ, օրինակ՝ Ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS): Վիրուսը կոչվում է «Նոր», քանի որ այն նոր է հայտնաբերվել: Հավանական է, որ վիրուսն ունի կենդանական ծագում, և այժմ կան ապացույցներ, որ այն կարող է փոխանցվել մարդուց մարդ:
- Որո՞նք են ախտանշանները
Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում) բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն:
- Ինչպե՞ս է տարածվում վիրուսը
Վիրուսը տարածվում է մարդուց մարդ.
- Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:
- Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով: Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:
- Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար
Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրվա մեկուսացում՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ անապահով երկրներից վերադարձած ճանախարհորդների և Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:
- Ովքե՞ր են գտնվում ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում
Վարակված անձանց մի մասը կարող են չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ այն կարող է ընթանալ շատ մեղմ և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:
Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում.
- Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ)
- Մեծահասակներ՝ 70 տարեկան և բարձր
- Քրոնիկ հիվանդություններով անձինք
Մանկահասակ երեխաներ և նորածիններ