Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի սննդամթերքի անվտանգության ոլորտի պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինների պատվիրակությունները՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և Վրաստանի պարենի ազգային գործակալության պետի տեղակալ Վասիլ Բասիլաձեի գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում և Վրաստանում բուսասանիտարիայի և անասնաբուժության իրավիճակը, մասնավորապես՝ սահմանամերձ գոտիներում կենդանիերի կատաղության դեմ պատվաստումների պլանավորմանը, Հայաստան եկող անասնաբուժական ենթահսկման բեռների ուղեկցող փաստաթղթերի թղթային տարբերակները էլեկտրոնային եղանակի հետ համատեղ դիտարկելուն, Վրաստանի տարածքում առկա կարանտին վնասակար օրգանիզմների տարածվածությանն ու դրա դեմ պայքարի արդյունավետությանը վերաբերող հարցերը:

Կողմերը ներկայացրել են իրենց երկրներում անասնահամաճարակային իրավիճակը, հակաանասնահամաճարակային միջոցառումներն ու դրանց ընթացքը, կատաղության վերաբերյալ ամփոփ տվյալները: Պայմանավոր­վա­ծություն է ձեռք բերվել, Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գոտիներում վայրի կենդանիերի կատաղության դեմ պատվաստումների ծրագիրը համատեղ ուժերով մշակելու համար ձևավորել միասնական աշխատանքային խումբ: Ծրագրի մեկարկը կհաստատվի համատեղ հուշագրի ստորագրմամբ:

Քննարկվել են նաև բույսերի կարանտին վնասատու համարվող մարմարյա մլուկի Հայաստանի տարածք ներթափանցելու առկա ռիսկն ու այն կանխելու համար անհրաժեշտ գործողությունները: Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել ուժեղացնել Վրաստանի տարածքից մեր երկիր արտահանվող բուսական ծագման մթերքների բուսասանիտարական հսկողությունը, որպեսզի հնարավորինս նվազեցվի բեռների հետ վնասատուների ներթափանցման վտանգը:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինների միջև փոխգործակցության շարունակականությունը, մշտական կապի պահպանումն ու հարաբերությունների զարգացումը: