ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր մասնակցել են «Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական միավորում» ՀԿ-ի՝  մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների համար կազմակերպած «Մսի վերամշակման գործընթացում հիգիենիկ սկզբունքների կիրառումը» թեմայով երկօրյա դասընթացին: Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP, համակարգի ներդրման սկզբունքներին նվիրված դասընթացի նպատակն է մսամթերքի արտադրության ներկայացուցիչներին ուսուցանել արտադրության ընթացքում ախտածին մանրէների տարածումը կանխելու եղանակները և արտադրական հիգիենայի օբյեկտիվ գնահատման մեթոդները:

Ողջունելով ներկաներին՝ ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Էլվիրա Միրզոյանը նշել է, որ սննդամթերքի անվտանգության կառավարումը պետք է հիմնված լինի գիտականորեն ապացուցված և համակարգված մոտեցումների վրա, որը լիարժեքորեն սահմանում է ՎՎՀԿԿ (HACCP) համակարգը: Նա շեշտել է՝ շարունակական ուսուցումն է, որ ապահովելու է սննդի շղթայում գործունեություն ծավալող ընկերությունների անձնակազմներին համապատասխան գիտելիքներով՝ նպաստելով սննդամթերքի անվտանգության պահպանմանը:

Ինչպես նշել է «Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական միավորում» ՀԿ և ԷՀԵՋ հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարինե Գրիգորյանը, HACCP համակարգի համար ֆինանսական ներդրումն արդյունքների տեսանկյունից ամենաարդարացվածն է:

Դասընթացը վարել են Եվրոպական համալսարանների պրոֆեսորներ, միջազգային փորձագետներ Գերհարդ Շլայնինգը (Ավստրիա), Հելգա Մեդիցը (Խորվաթիա) և Գրիգորի Բադալյանը (Գերմանիա): Նրանք խոսել են մսի արտադրության մաքրման և ախտահանման տեխնոլոգիաների, մսի վերամշակման ընթացքում առկա մանրէաբանական ռիսկերի, վտանգների, դրանց աղբյուրների, սննդային հավելումների և դրանց օգտագործման չափանիշների մասին:

Այս ուսուցումը կնպաստի մասնակիցների գիտելիքների մակարդակի և հմտությունների բարձրացմանը, կօգնի ճիշտ գնահատել մսամթերքի արտադրության հիգիենիկ վիճակը, հստակ տարանջատել յուրաքանչյուր աշխատակցի գործառույթն ու պարտականությունը: