Մսի շուկայի կարգավորմանը, սպանդանոցային մորթի անցմանն ու անասնահամաճարակային իրավիճակի վերահսկման արդյունավետության բարձրացմանն էր ուղղված ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հանդիպումը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի և մարզի համայնքային ղեկավարների հետ: Մասնակցել են նաև մարզում գործող և կառուցվող սպանդանոցների ներկյացուցիչները:

Հանդիպում-խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների շարժի վերահսկման մեխանիզմների՝ կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման անհրաժեշտությունը, սպանդանոցային մորթի անցնելու նպատակն ու ժամկետները, անսանաբույժների աշխատանքի կարևորությունը և այլն:

Գեորգի Ավետիսյանը տեղեկացրել է, որ անասնաբուժության ոլորտում համալիր փոփոխությունները սկսվել են թարմ մսի շուկաների հետևողական վերահսկողությունից, որի արդյունքներն արդեն ակնհայտ են. հանրապետության գրեթե բոլոր շուկաներն ապահովվել են սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններով: «Անցումը պարտադիր սպանդանոցային մորթի մեր երկրի համար առաջնահերթություն է, որը մսի անվտանգության վերահսկողության ավելի լայն հնարավորություններ է ընձեռում՝ թույլ տալով, հետագծելիության սկզբունքով, վերահսկել մսի շուկայահանման ողջ շղթան: Այդ գործընթացում մեզ համար սկզբունքային և շատ կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ, փոխշահավետ համագործակցությունը»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարը:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հորդորել է համայնքների ներկայացուցիչներին լինել պատրաստակամ և համագործակցել ՍԱՏՄ Սյունիքի մարզային կառույցի և համայնքային անասնաբույժների հետ, արագ տեղեկացնել հնարավոր հիվանդությունների մասին, փորձել վերահսկել կենդանիների շարժը՝ պահանջելով անասնաբուժական 1-ին ձևը:

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում գործող և արդեն կառուցվող սպանդանոցները կարող են բավարարել մարզի պահանջարկը, այնպես որ՝ գործընթացն անշրջելի է և, ինչպես արդեն հայտարարվել է, 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:

Արցախի՝ Սյունիքի մարզին հարող Աղավնատուն գյուղում ՍԱՏՄ ղեկավարությունը հանդիպում է ունեցել նաև Արցախի ՍԱՊԾ պետ Արթուր Ներսիսյանի հետ: Նպատակը գյուղատնտեսական կենդանիների չվերահսկվող շարժի հետ կապված խնդիրներն էին: Երկուստեք կարևորվել են երկու հանրապետություններում սննդամթերքի անվտանգության ոլորտում ծրագրերն ու միջոցառումները զուգահեռ իրականացնելու անհրաժեշտությունը, կենդանիների համարակալման, կենդանիների շարժի ավելի ակտիվ վերահսկման ու համաճարակային քարտեզի ձևավորման խնդիրները:

Սիսիան քաղաքի թարմ մսի իրացման տաղավարներում կատարված շրջայցի ընթացքում Գեորգի Ավետիսյանը տնտեսավարողներին հորդորել պահպանել մսի և ենթամթերքի շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ բոլոր պահանջները, քայլեր ձեռնարկել սպանդանոցային ծագման միս ձեռք բերելու համար: «Փողոցում, առանց վերահսկողության, առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության մսի վաճառքը պետք է բացառվի և դա ապահովելու համար մենք գործադրելու ենք օրենսդրությամբ մեզ վերապահված հսկողության բոլոր մեխանիզմները»,- շեշտել է Գ. Ավետիսյանը: