ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է թարմ մսի իրացման կետերի՝ սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում: Այս անգամ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել են Արտաշատի շուկայում գործող մսի տաղավարներ: Մշտադիտարկման շրջանակներում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտման, մասնավորապես՝ տարածքի աղտոտվածության, ճանճերի առկայության, մսի պահման ոչ ճիշտ պայմանների և այլ դեպքեր:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն իրավիճակը բացասական է գնահատել՝ նշելով, որ սանիտարահիգիենիկ առկա վիճակը պոտենցիալ վարակի և վտանգի աղբյուր է, որ հարցը պետք է արագ լուծում ստանա, իսկ մսեղիքը պետք է հանել վաճառքից և ստեղծել համապատասխան պայմաններ: Հանձնարարական է տրվել տասնօրյա ժամկետում վերացնել խախտումները:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կարևորել է նման ստուգայցերի հաճախակիությունը՝ նշելով, որ իրենք պատրաստ են ակտիվ համագործակցության սննդամթերքի անվտանգության ոլորտում:

Շուկայի տնօրինությունը վստահեցրել է, որ առաջիկայում կլինեն մսի վաճառքին համապատասխան տաղավարներ: