Սննդամթերքի անվտանգության տեսչությունը կրկին շրջայց է կատարել, ուսումնասիրություններ կատարել Գյումրիի շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մսի վաճառակետերում:
Հիշեցնենք` մեկ շաբաթ առաջ տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է մսի վաճառքը տվյալ տարածքում. հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Նման որոշում է կայացվել շուկայում տեսչության պետի և տեսուչների ստուգայցից հետո, երբ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Գյումրիի շուկայի այս հատվածում խախտված են մսամթերքի վաճառքի և պահպանման բոլոր նորմերը:
Սննդամթերքի անվտանգության տեսչության մարզային ծառայության աշխատակիցները արձանագրել են, որ մի քանի վաճառակետերում մասամբ են բարելավվել պայմանները, իսկ մյուսները սպասում են` առանց միջոցներ ձեռնարկելու:
Մեկ շաբաթ առաջ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները Գյումրիի «Լաչինի միջանցք» տարածքի մսի վաճառակետերում տեսան ու արձանագրեցին, որ մսամթերքը պահվում, վաճառվում է պահանջված նորմերին անհամապատասխան պայմաններում, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր տաղավարների աշխատանքը: Մեկ շաբաթ անց տեսչական մարմինը ստուգում է հանձնարարականների կատարման ընթացքը:
Հուլիսի 25-ը վերջնաժամկետ է տարածքում միս վաճառողների համար: Սահմանված ժամկետում վաճառակետերը պետք է ապահովվեն սառնարաններով ու սանիտարահիգիենիկ պայմաններով: Պահանջներից պարտադիրը հոսող տաք ու սառը ջրի առկայությունն է, որը բացակայում է գրեթե բոլոր վաճառակետերում:
«Մի հատ գեյզեր դնելը ինձ թվում է` էդքան դժվար չէ, հավաքվեցինք, պայմանավորվեցինք, մի գեյզեր դնելը, ջուր բերել, տաղավար մտցնելը խնդիր չէ, հեշտ է կարգավորվում»,- պարզաբանել է ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Մկրտչյանը։
«Ջուր չունինք, որտեղի՞ց քաշենք, տեղ չկա, դժվար է ջուր ունենալը, բայց եթե պետք լինի, կքաշենք»,- ասում է մսավաճառներից մեկը։
Մսավաճառները պայմանավորվեցին՝ հոսող ջրի հարցը մինչև հուլիսի 25-ը կլուծեն, իսկ սառնարաններ տեղադրել հազիվ հասցնեն մինչև ժամկետի ավարտը: «Լաչինի միջանցքի» տարածքում միայն մսի բացօթյա վաճառք չէ, որ իրականցվում է, գործում են նաև փակ կրպակներ, որոնց պայմաններն այնքան էլ չեն տարբերվում բացօթյա կետերից: Ստուգումները պարզեցին, որ վաճառվում է փորձաքննություն չանցած մսեղիք։
«Տարբեր տեսակի մսեղիք եք վաճառում, խոզ, տավար, ոչխար, ամեն մեկն իր առանձին փորձաքննությունը պիտի ունենա: Եթե չունեք փորձաքննություն, այդ միսը չի վաճառվելու, իրավունք չունեք»,- ասում է Ալեքսան Մկրտչյանը:
Փորձաքննություն չանցած և ուղեկցող փաստաթուղթ չունեցող գառան մսի վաճառքը տեսչության մասնագետները արգելեցին: Մսի փորձաքննություն մարզում կատարում է երկու ընկերություն, որոնց մասնագետների տրված եզրակացության հիման վրա է միայն թույլատրվում թարմ մսի վաճառքը շուկաներում, խանութներում: Մասնագետներն իրենք պարտադիր պետք է այցելեն վաճառակետեր:
Մարզային կենտրոնի աշխատակիցներն արձանագրեցին, որ ինչպես նախորդ անգամ, այսօր էլ մսավաճառներից ոմանք չունեին սանիտարական գրքույկներ, ինչը մսի վաճառքով զբաղվելու համար պարտադիր պայման է։
Տեսչական մարմինը նորից է գալու շուկա, բայց հաջորդ անգամ միայն մսամթերքը չէ, որ ստուգվելու է, ուսումնասիրվելու են բացօթյա տաղավարներում, փողոցում վաճառվող մթերքը, այդ թվում` կաթնամթերքը:
Աղբյուրը՝ https://shantnews.am