Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ու ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը համատեղ կազմակերպել են ոչ սակագնային միջոցառումներին նվիրված երկօրյա սեմինար, որի նպատակն է զարգացնել ՄԱԿ-ի հյուսիսային և կենտրոնական Ասիայի անդամ-երկրների՝ իրենց սեփական և բիզնես գործընկերների գործունեության մոնիթորինգի և ոչ սակագնային միջոցառումների ազդեցության գնահատման հմտությունները, աջակցել Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի երկրների միջև երկխոսության կայացմանը՝ կապված ոչ սակագնային միջոցառումների հետ, ստեղծել առաջավոր փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև ներկայացնել Հայաստանում ոչ սակագնային միջոցառումների մասին տվյալների հավաքագրման վերաբերյալ արձագանքները, ամփոփել արդյունքները:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ անդրադառնալով ոչ սակագնային միջոցառումների կարևորությանը, ընդգծել է, որ սահմանային հսկողության կարգավորման համար պատասխանատու պատկան մարմինները, սպառողների անվտանգության պահպանման և պետական քաղաքականության այլ խնդիրներ լուծելիս, պետք է անեն հնարավորը բիզնեսի վրա ավելորդ բեռ չդնելու, նրանց եկամուտների վրա չազդելու և սպառողական գները չբարձրացնելու համար:

Սեմինարին մասնակցել են ներկայացուցիչներ Վրաստանից, Ղազախստանից, Կիրգիզիայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Հայաստանի 11 նախարարություններից, ՍԱՏՄ աշխատակիցներ, ինչպես նաև փորձագետներ ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հանձնաժողովից, Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, Առևտրի միջազգային կենտրոնից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:

Ծանոթություն

Ոչ սակագնային միջոցառումներն ընդհանուր առմամբ քաղաքական որոշումներ են, որոնք սովորական մաքսային սակագներին չեն վերաբերում և  կարող են տնտեսական ազդեցություն թողնել միջազգային առևտրի վրա՝ առաջացնելով փոփոխություններ առևտրի ծավալների կամ գների մակարդակի վրա, կամ էլ երկուսի վրա միաժամանակ: Վերջին 20 տարիների ընթացքում արտահանման սակագները Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կրճատվել է երկու անգամ: Այդ նույն ժամանակահատվածում ոչ սակագնային միջոցառումների քանակը՝ ներառյալ առևտրում տեխնիկական, սանիտարական և բուսասանիտարական խոչընդոտները, կտրուկ ավելացել են:

Ոչ սակագնային միջոցառումների կարևրությունը առևտրի զարգացումն արգելակող սակագների նկատմամբ աճել է և շարունակում է աճել: Ի տարբերություն սակագների, սակայն, ոչ սակագնային միջոցառումները քիչ թափանցիկ են և դրանք պահպանել, հատկապես փոքր և միջին արտադրողների ու վաճառքով զբաղվողների համար, ավելի դժվար է: Բացի այդ, ոչ սակագնային միջոցառումների հաստատուն զարգացումը և ազդեցությունն առևտրի վրա բավականաչափ ուսումնասիրված չէ: Դա հատկապես վերաբերում է Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին, որտեղ ոչ սակագնային միջոցառումների թափանցիկության մակարդակը, ինչպես պարզվել է,  ամենացածրերից մեկն է: Այն  դրսևորվում է հատկապես ընդհանուր հասանելիություն ունեցող տեղեկատվության ցածր մակարդակով: Ոչ սակագնային միջոցառումները ինքնին լավը կամ վատը չեն: Դրանք հաճախ ծառայում են օրինական և անհրաժեշտ այնպիսի նպատակների, ինչպիսիք են մարդկանց, կենդանիների և բույսերի առողջությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և կարող են կարևոր գործիքներ լինել մինչև 2030 թվականի կայուն զարգացման լավագույն արդյունքի հասնելու համար: Բացի այդ, ոչ սակագնային միջոցառումները՝ այնպիսիք, ինչպիսիք են սննդամթերքի անվտանգության չափորոշիչները, համապատասխան պայմանների դեպքում, կարող են պոտենցիալ խթան լինել արտահանման զարգացման համար: