Ղազախստանի Ալմաթի քաղաքում նոյեմբերի 7-9-ն անցկացվել է Կոդեքս Ալիմենտարիուս հանձնաժողովի Եվրոպական երկրների ազգային կոնտակտների աշխատաժողովը, որին մասնակցել էր ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը: Միջոցառման նպատակն էր ներկայացնել այն առցանց գործիքակազմը, որի միջոցով հնարավոր կլինի ոչ միայն ծանոթանալ մշակվող բոլոր եվրոպական ստանդարտներին և նախագծերին, այլև ազգային մակարդակում ներգրավվել դրանց մշակման աշխատանքներում:

Մասնակից պետությունների ներկայացուցիչները խոսել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա մարտահրավերների մասին: Քննարկումները փաստել են, որ 21-րդ դարում սննդամթերքի անվտանգության ոլորտի ուշադրությունը սեվեռված է հիմնականում քիմիական վտանգների, մասնավորապես՝ անասնաբուժության մեջ օգտագործվող դեղամիջոցների, այդ թվում՝ հակամիկրոբային միջոցների, պեստիցիդների և ագրոքիմիկատների մնացորդային քանակների, սննդային հավելումների, քիմիական աղտոտիչների վրա:

Կարևորվել է պետությունների կողմից ազգային մոնիտորինգային ծրագրերի իրականացումը և լաբորատոր կարողությունների շարունակակակն հզորացումը՝ ուղղված սննդամթերքի անվտանգության ոլորտի խնդիրների բացահայտմանը, կանխարգելմանն ու լուծմանը:

Աշխատաժողովն անդրադարձել է նաև Կոդեքս Ալիմենտարիուսի 2020-2025 թվականների ռազմավարական ծրագրին, որի դրույթները ևս կվերանայվեն այս միջոցառման արդյունքների հիման վրա: