Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպանության տեխնիկական գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին և «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերին:
Ողջունելով հյուրերին՝ Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը բաց է ցանկացած գաղափարի շուրջ քննարկումների և կառուցողական համագործակցության համար, որը կնպաստի սննդամթերքի անվտանգության ոլորտի զարգացմանն ու վերահսկողական գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը:
Տիկին Ալանակյանը խոսել է իրենց կողմից իրականացվող ծրագրերի մասին՝ տեղեկացնելով, որ դրանք առավելապես ուղղված են Հայաստանում գյուղատնտեսության զարգացման աջակցությանը՝ որպես նպատակ ունենալով երկրում աղքատության կրճատումը: Այս առումով բավական լուրջ քայլեր են արվել օրգանական սննդի արտադրության աջակցության ոլորտում: Ինչպես ներկայացրել է պարոն Մուքենհուբերն, իրենք արդեն իսկ օգնել են 45 ֆերմերների անցնել օրգանական գյուղատնտեսական մթերքների արտադրությունը ինչպես նաև դրանք՝ որպես օրգանական սնունդ սերտիֆիկացնելուն:
Տիկին Ալանակյանը նաև տեղեկացրել է, որ Ավստրիայի դեսպանության տեխնիկական գրասենյակը պատրաստվում է շահագրգիռ պետական մարմինների մասնագետների համար կազմակերպել սեմինարների շարք՝ ներկայացնելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում օրգանական շուկան: