Այս լաբորատորիան մշտապես ստացել է պատվերների ավելի քան 50 տոկոսը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, արձագանքելով մասնավոր լաբորատորիաներից մեկի՝ լրատվամիջոցներով այսօր հրապարակված բաց նամակին, տեղեկացնում է. որքան էլ, տարբեր նպատակներից ելնելով, ջանքեր են գործադրվում ՍԱՊԾ-ին «սննդամթերքի փորձաքննության մոնոպոլիա ստեղծելու փորձի» մեջ մեղադրելու համար, փաստերը բոլորովին այլ բանի մասին են վկայում:
Այսպիսով. ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, որպես ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող, հրապարկված է անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարող ՍՊԸ-ների ցանկը. դրանք այս պահի դրությամբ 33-ն են. ծիծաղելի է անգամ այստեղ մենաշնորհային դիրք տեսնելը: Փոխարենն, այո, Ծառայությունը խստորեն հետևում է անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերությունների գործունեությանն ու սահմանված պահանջների ապահովմանը՝ մսի իրացման շուկայում հնարավոր ռիսկերը հայտնաբերելու ու կանխարգելելու նպատակով: Հատկապես, որ վերջին ստուգումները ցույց տվեցին՝ անասնաբուժասանիտարական փորձաքննությունները հաճախ կատարվել են ոչ պատշաճ:
«Մենաշնորհային» մյուս մեղադրանքը, ըստ շրջանառվող նամակի, պետական վերահսկողության շրջանակներում ՍԱՊԾ-ից ուղարկվող պատվերն է: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ Ծառայությունն այս շրջանակներում լաբորատոր փորձաքննություններ է պատվիրում սահմանված կարգով հավատարմագրում անցած և մրցույթը շահած երեք լաբորատորիաների՝ այդ թվում և «Ստանդարտ Դիալոգ»-ին, որը միայն այս տարվա առաջին եռամսյակում ստացել է ընդհանուր պատվերների 41,7 տոկոսը՝ գումարային արտահայտությամբ, իսկ փորձաքննությունների նմուշների քանակով՝ 51,2 տոկոսը: Ավելին, 2016թ. վերջին եռամսյակին նույն լաբորատորիան ստացել է, նույն համամասնությամբ, ընդհանուր պատվերների 60,7 և 58,1 տոկոսը: Ուշագրավ է, որ պատվերների, հետևաբար՝ ստացված գումարի չափից բողոքում է հենց այն լաբորատորիան, որը տարիներ շարունակ ամենաշատն է ՍԱՊԾ վերահսկողության շրջանակներում փորձաքննություններ կատարել. թերևս սա է սննդամթերքի փորձաքննության ոլորտում մենաշնորհի ձգտելու կամ հովանավորչության դասական օրինակը, հատկապես, երբ Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության արդեն նախկին պետը «պարենային անվտանգություն» էր ապահովում միայն սեփական լոբարատոր հետաքրքրությունների շրջանակում (խոսքը նույն «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ի մասին է):
Ի դեպ, առաջիկայում գումարների բաշխման ծավալների փոփոխություն կարող է լինել, քանի որ էքսպրես մեթոդով մանրէաբանական փորձաքննություն արդեն կատարում է նաև այլ լաբորատորիա:
Ինչ վերաբերում է լաբորատորիան ՍԱՊԾ կազմից հանելու մասին տեսակետներին, ապա հարկ ենք համարում հիշեցնել, որ լաբորատոր փորձաքննությունները կարևոր գործիք են պետական հսկողություն իրականացնելու համար, հատկապես՝ տարբեր մոնիտորինգային ծրագրերի շրջանակներում (անասնահամաճարակային՝ կենդանիների հիվանդությունները հայտնաբերելու, և կարանտին բուսասանիտարական իրավիճակը պարզելու նպատակով և այլն):
Հ.Գ. Սեփական գումարները վաստակելու ճանապարհին անպայման չէ վատաբանել մեկ այլ կառույցի, տվյալ դեպքում՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին, հատկապես որ վերջինս համալրվել է նորագույն սարքավորումներով և որոշ ծառայությունների գծով եզակի է տարածաշրջանում: Թվարկված փաստերը վկայում են, որ ինչպես մտացածին են մենաշնորհ հաստատելու մասին պնդումները, այնպես էլ իրականությանը չեն համապատասխանում լաբորատորիայի կողմից գումարները ոչ նպատակային ծախսելու վերաբերյալ ակնարկները:

