Անասնաբուժական ենթահսկման բեռները ՀՀ ներմուծելու սահմանափակումներ

Տարբեր կենդանական հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանափակել է հետևյալ բեռների ներմուծումը՝

  • 2018 թվականի օգոստոսի 27-ի N 153-Ա հրամանոի 1-ին կետի խմբագրությամբ 2019 թվականի մարտի 23-ից չթույլատրել Ռոսսելխոզնադզորի ղեկավարի տեղակալի 2019 թվականի մարտի 12-ի «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման վերաբերյալ» որոշման փոփոխությամբ սահմանված այն տարածքներից, որոնք թռչնի գրիպ հիվանդության նկատմամբ ունեն «ԱՆԱՊԱՀՈՎ» կամ «ԱՆՈՐՈՇ» կարգավիճակ` կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք՝ մինչև Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով հաստատված դրույթներին համապատասխան այդ տարածքներում թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:
    Նույն հրամանի 2-րդ կետի խմբագրությամբ հրամանի գործողությունը չի տարածվում վերը նշված «ԱՆԱՊԱՀՈՎ» կամ «ԱՆՈՐՈՇ» կարգավիճակ ունեցող Ռուսաստանի Դաշնության տարածքներից մինչև 2019 թվականի մարտի 23-ը արտահանված և Հայաստանի Հանրապետություն սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո ներմուծվող սույն հրամանի 1-ին կետում նշված ապրանքների վրա:
  • 2018 թվականի օգոստոսի 27-ի N 154-Ա հրամանի 1-ին կետի խմբագրությամբ 2019 թվականի մարտի 23-ից չթույլատրել Ռոսսելխոզնադզորի ղեկավարի տեղակալի 2019 թվականի մարտի 12-ի «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման վերաբերյալ» որոշման փոփոխությամբ սահմանված այն տարածքներից, որոնք խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության նկատմամբ ունեն «ԱՆԱՊԱՀՈՎ» կամ «ԱՆՈՐՈՇ» կարգավիճակ` կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք՝ մինչև Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով հաստատված դրույթներին համապատասխան այդ տարածքներում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը»:
    Նույն հրամանի 2-րդ կետի խմբագրությամբ հրամանի գործողությունը չի տարածվում վերը նշված ԱՆԱՊԱՀՈՎ կամ ԱՆՈՐՈՇ կարգավիճակ ունեցող Ռուսաստանի Դաշնության տարածքներից մինչև 2019 թվականի մարտի 23-ը արտահանված և Հայաստանի Հանրապետություն սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո ներմուծվող սույն հրամանի 1-ին կետում նշված ապրանքների վրա:
  • 2019 թվականի մայիսի 15-ի N 100-Ա հրամանով 2019 թվականի մայիսի 17-ից չթույլատրել Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից Հայաստանի Հանրապետություն` կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև ԿԱՀԿ ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքով հաստատված դրույթներին համապատասխան այդ երկրամասերում Նյուքասլ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:

  • Ծառայության պետի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի N 414-Ա հրամանով՝ Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ադրբեջան օստանից – կենդանի թռչուն (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրների ներմուծումը:
  • Ծառայության պետի 2016 թվականի սեպտեմբերի 2-ի N 225-Ա հրամանով՝ Ուկրաինայի Հանրապետությունից – կենդանի խոզեր, նրանց գենետիկական նյութեր, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) ներմուծումը:
  • Ծառայության պետի 2015 թվականի մայիսի 7-ի N 492-Ա հրամանով՝ Թուրքիայի Հանրապետությունից – կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքների, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:
  • Ծառայության պետի 2015 թվականի հունվարի 20-ի N 5-Ա հրամանով՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից – կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի,  լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:
  • Ծառայության պետի 2014 թվականի օգոստոսի 11-ի N 850-Ա և 2014 թվականի հոկտեմբերի 28 ի N 1214-Ա հրամաններով՝ Գվինեայի, Լիբերիայի, Սիերա Լեոնեի, Նիգերիայի Հանրապետություններից և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից – պրիմատների, անտառային այծքաղների, չղջիկների և մացառախոզերի ներմուծումը:
  • Ծառայության պետի 2013 թվականի օգոստոսի 23-ի N 472–Ա հրամանով՝ Հունաստանի Հանրապետության Մակեդոնիա և Թրակիա վարչական տարածքներից – մանր եղջերավոր կենդանիների (ոչխար, այծ), դրանցից ստացված բոլոր տեսակի մթերքների, հումքի (կաշի, մորթի, բուրդ, խոզան) և սերմնահեղուկի ներմուծումը:
  • Ծառայության պետի 2012 թվականի հունիսի 8-ի N 88–Ա հրամանով՝ Եգիպտոսի Արաբական հանրապետությունից անասնաբուժական հսկողության բեռների ներմուծումը: