ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը հունվարի 11-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մայոր Էրիկ Լարսենի հետ:
Կողմերը քննարկել են Ծառայության և գործակալության միջև համագործակցության արդյունքները, նախանշել են համատեղ ծրագրերի հեռանկարային ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով ՍԱՊԾ-ի լաբորատոր կարողությունների հզորացմանը և անասնաբուժության ոլորտում մասնագիտական հմտությունների ավելացմանը:
Ծառայության պետն այդ համատեքստում բարձր է գնահատել DTRA-ի գործունեությունն ու գործակալության կողմից մեր երկրում իրագործվող ծրագրերը՝ առանձնացնելով հատկապես կենտրոնական անասնաբուժական ռեֆերենս լաբորատորիայի կառուցումը Հայաստանում և հատուկ վտանգավոր պաթոգենների հայտնաբերման ու ախտորոշման նոր հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նորակառույց լաբորատորիան գործարկելու հետ կապված հարցեր:
Սպառնալիքների նվազեցման գործակալությունը մեր հանրապետությունում, ի թիվս այլ ոլորտների, հաջողությամբ մի շարք ծրագրեր է իրականացրել անասնաբուժության ոլորտում, իսկ առաջիկայում մեկնարկելու են նորերը:
