Print

Հաշվի առնելով սեզոնի ռիսկայնությունը և ՍԱՊԾ «թեժ գծով» ստացվող ահազանգերը ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության հետևյալ կանոնները.

• Մրգերը, բանջարեղենը, հատապտուղները օգտագործելուց առաջ լավ լվանալ խմելու հոսող ջրով,

• Պահպանել սննդամթերքը ճիշտ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում. կրեմային արտադրանքի և կաթնամթերքի, մսամթերքի պահման համար անհրաժեշտ է -2–ից +4 oC ջերմաստիճան, ձվի պահման համար՝ 0-ից +20 oC աստիճան (պիտանելիության ժամկետը 25 օր է): Ձուկը նույնպես համարվում է շուտ փչացող սննդամթերք, և այն պետք է պահել ու վաճառել սառնարանային պայմաններում՝ պաղեցրած ձկնամթերքը -2-ից 0 oC ջերմաստիճանում՝ առավելագույնը 48 ժամ:

• Ընտրել և օգտագործել թարմ, չփչացած և պիտանիության ժամկետի մեջ գտնվող սննդամթերք,

• Չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտային արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, ձմերուկ և այլն,

• Հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, պահպանել անձնական հիգիենայի տարրական կանոնները,

• Սննդամթերքը պահել փակ տարաներում,

• Առանձնացնել հում սննդամթերքը եփվածից, մթերքը լավ եփել կամ տապակել՝ 70 oC -ից ոչ պակաս ջերմաստիճանում,

• Սննդային թունավորումներից խուսափելու նպատակով՝ խնջույքների և տոնակատարությունների ժամանակ խուսափել երկար ժամանակ սեղանին բարձր ջերմաստիճանի տակ գտնվող աղցաններ և նախուտեստներ ճաշակելուց,

• Ճամփորդության ժամանակ արագ փչացող սննդամթերքը՝ կաթնամթերքը, մսամթերքը, կրեմային հրուշակեղենը վերցնել միայն սառնարան-պայուսակներով՝ պահպանելով դրանք զով պայմաններում:

Խուսափեք փողոցային առևտրից օգտվելուց, մասնավորապես՝ մի գնեք արևի տակ վաճառվող կրեմային հրուշակեղեն, ձու, սունկ, ձուկ և ձկնամթերք, ինչպես նաև պահպանեք վերոնշյալ կանոնները և զգոն եղեք՝ բարձր ջերմային պայմաններում հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով։