ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանն ապրիլի 5-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Միխեևի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպման օրակարգում հանրապետության անասնահամաճարակային իրավիճակի քննակումն էր՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու և այդ շրջանակներում համագործակցելու վերաբերյալ: Խոսելով մեր երկրի աշխարհագրական դիրքի և դրանով պայմանավորված վարակների ներթափանցման ռիսկերի մասին՝ կողմերը նշել են հատկապես Թուրքիայից և Իրանից եկող վտանգը և գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում Արմեն Հայրապետյանը կարևորել է գյուղատնտեսական կենդանիների համարակալման համակարգի ներդրումը և տեղեկացրել, որ աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են:
Ծառայության պետը ներկայացրել է անասնահամաճարակային ընթացիկ իրավիճակն ու կատարված կանխարգելման աշխատանքները՝ ընդգծելով ՌԴ Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոնի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը և նոր մարտահրավերներին համահունչ օպերատիվ կերպով պատվաստունյութեր ձեռքբերելու ընձեռնված հնարավորությունը: Անատոլի Միխեևը կարևորել է կանխարգելիչ միջոցառումները և հսկողությունը նաև սահմանային այնպիսի տարածքներում, որոնք գտնվում են ինժեներատեխնիկական կառույցների եզրագծից այն կողմ՝ արոտավայրերում: ՍԱՊԾ պետը որպես աջակցություն առաջարկել է օգտագործել վերջերս հայ-ռուսական ֆինանսական համաձայնագրի շրջանակներում վերազինված ՍԱՊԾ-ի լաբորատոր կարողությունները:
Անատոլի Միխեևը շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար և Ծառայության պետ Արմեն Հայրապետյանին պարգևատրել հուշամեդալով, ինչպես նաև պատվոգրեր է հանձնել Ծառայության աշխատակիցներին:
Ծառայությունն ու Սահմանապահ վարչությունը, ի դեմս երկու կառույցների պետերի, ստորագել են արձանագրություն՝ ամրագրելով համագործակցության ուղղություններն ու առաջիկա քայլերը: