ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2012թ. հուլիսի 23-ի N 150-Ա հրամանով ս.թ. հուլիսի 24-ից օգոստոսի 3-ը ընկած ժամանակահատվածում Ծառայության աշխատակազմի կողմից իրականացվել է ք.Երևանում մսի վաճառք իրականացնող առևտրի կենտրոններում և կրպակներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, խանութներում, կրպակներում, տաղավարներում շուկայահանված մսի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների ուսումնասիրություն, և Ծառայության պետի 2012թ. հուլիսի 23-ի N 151-Ա հրամանով կատարվել է Երևան քաղաքում շուկայահանված փաթեթավորված պաղպաղակի դիտարկում և չփաթեթավորված պաղպաղակի պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների ուսումնասիրություն:
Ուսումնասիրված 112 տնտեսավարող սուբյեկտներից պաղպաղակի նկատմամբ դիտարկում կատարվել է 78, մսի ուսումնասիրություն՝ 47 տնտեսավարող սուբյեկտներում: Հայտնաբերվել է նաև փողոցային առևտրի միջոցով շարժական լիցքավորվող սառնարաններով չփաթեթավորված պաղպաղակի իրացման 3 դեպք (անվտանգությունը հիմնավորող որևէ փաստաթուղթ իրացնողի կողմից չի ներկայացվել, իսկ վաճառողները տնտեսավարող սուբյեկտի կարգավիճակ չեն ունեցել):
Պաղպաղակի դիտարկման ընթացքում ուսումնասիրված 78 խանութներից 17-ում թերություններ չեն հայտնաբերվել, իսկ մնացած 61-ում եղել են մակնշման անհամապատասխանություններ հետևյալ արտադրողների արտադրատեսակներում՝ «Էլիտ Շանթ» ՍՊԸ, «Թամար» ՍՊԸ, «Արմ սվիթ Շանթ» ՍՊԸ (Arm Sweet Շանթ), «Նեսթլե Ռոսիա» ՍՊԸ, «Երևան կաթ» ՍՊԸ, «Ոսկե Պինգվին» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Ա.Ավետյան ԱՍԱ» ՍՊԸ, ինչպես նաև իրացման ցանցում առկա են եղել ներմուծվող պաղպաղակի ժամկետանց արտադրատեսակներ:
Մսի ուսումնասիրության ընթացքում ներառված 47 մսի վաճառքի կետերից 2-ում անհամապատասխանություններ չեն եղել, 45-ում արձանագրվել են անհամապատասխանություններ, որոնցից 28-ում վաճառվող մսի համար բացակայել է անասնաբուժական ուղեկցող փաստաթուղթը, իսկ 13-ում միսը անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկված չի եղել: 9 տնտեսավարողներում կատարվել է նմուշառում և ուղարկվել անասնաբուժասանիտարական փորձաքննության, որի արդյունքներով նմուշառման 2 դեպքերում հայտնաբերվել են շեղումներ, իսկ մյուս 7–ում շեղումներ չեն եղել:
Ծանոթացեք արդյունքներին
Վերջում հավելենք, որ Ծառայությունը տնտեսավարողների դիտարկման արդյունքում շեղումներ արձանագրելու դեպքում հանձնարարական է տալիս տնտեսավարողներին՝ սեղմ ժամկետում վերացնելու դրանք, և շեղումներ թույլ տված տնտեսավարողներն առավել մեծ ուշադրության են արժանանում Ծառայության կողմից տեսչական ստուգումների իրականացման ժամանակ: