Ս.թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը հանդիպեց ՀՀ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահ Միլետա Արիստակեսյանը, «ՀՀ սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը, «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը, «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի փոխնախագահ Գուրգեն Չիլինգարյանը, «Լոռի» սպառողների ընկերակցության նախագահ Ջակլին Հեքիմյանը:
Հանդիպումը բացեց Ծառայության պետը՝ խոսքում նշելով, որ իր նշանակման օրվանից Ծառայությունն ընդունել է բաց համագործակցության քաղաքականություն:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրների լուծման համար ձևավորված նոր գործիքների արդյունավետությունը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավոր եզրերն ու արդյունավետ կազմակերպման հարցերը:
Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց Ծառայության կողմից ձևավորելու հանրային խորհուրդ՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում նոր, առավել ռացիոնալ գործիքների ստեղծման նպատակով: Նրանում Ծառայությունից ու հասարակական կազմակերպություններից բացի ընդգրկված կլինեն նաև գիտական կենտրոններ:
