2012 թվականի մայիսի 16-ից հունիսի 12-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության կողմից կազմակերպվել և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սննդամթերքի և խմորման արտադրությունների պետական հետազոտական ինստիտուտի միջազգային ուսումնական կետրոնի կողմից անցկացվել է «Ռուսալեզու երկրների՝ սննդամթերքի անվտանգությունը վերահսկող պաշտոնյաների վերապատրաստման դասընթացներ» թեմայով սեմինար-դասընթաց, որին մասնակցել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության գլխավոր մասնագետ Վահե Դանիելյանը:
Սեմինար-դասընթացին մասնակցել են սննդամթերքի անվտանգության բնագավառի ավելի քան երեսուն բարձրակարգ մասնագետներ նախկին ԽՍՀՄ-ի անդամ հանրապետություններից (Բելառուս, Վրաստան, Լատվիա, Մոլդովա, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուքմենստան, Ուզբեկստան):
Սեմինար-դասընթացի ընթացքում Չինաստանի առաջատար մասնագետները հանդես եկան դասախոսություններով հետևյալ թեմաներով՝
- «Ծանոթություն Չինաստանի հետ» (ՉԺՀ կոմերցիայի նախարարություն. վարչության պետ Վան Յապին),
- «ՉԺՀ սննդամթերքի անվտանգության բնագավառի օրենքների համակարգը» (Սննդամթերքի և դեղորայքի պետական վերահսկողության վարչություն (CNRIFFI). առաջին խորհրդական, պրոֆեսոր Ցուն Ցզյուն),
- «Սննդամթերքի արտադրությունը և հսկողությունը Չինաստանում» (Որակի վերահսկման, ստուգման և կարանտինի գլխավոր վարչություն (AQSIQ). սննդամթերքի հսկողության բաժնի պետ Բի Յույան),
- «Գյուղատնտեսական մթերքների անվտանգության և որակի ղեկավարումը Չինաստանում» (Չինաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիա (CAAS), Գյուղատնտեսական մթերքների որակի չափանիշների և ստուգման տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտ, գլխավոր տնօրեն և դասախող դոկտոր Ե. Չժիխուա),
- «Սննդամթերքի անվտանգության նպատակով պեստիցիդների գրանցումը և քիմիական մնացորդների նկատմամբ հսկողությունը Չինաստանում» (ՉԺՀ Շանսիի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիա. տնօրենի տեղակալ Ցյաո Սյունու),
- «Ներմուծվող և արտահանվող սննդամթերքների անվտանգության խնդիրները և հակազդեցությունները Չինաստանում» (Ներմուծվող և արտահանվող մթեքների որակի վերահսկման, ստուգման և կարանտինի գլխավոր վարչություն. վարչության պետի տեղակալ դոկտոր Լին Վեյ),
- «Չինաստանի սննդամթերքի արդյունաբերության տեխնիկական ստանդարտների մշակումը և իրականացումը» (Սննդի և խմորման արդյունաբերության Չինաստանի պետական հետազոտական ինստիտուտ, սննդամթերքի և ֆերմենտային արդյունաբերության ստանդարտացման չինական կենտրոն),
- «Կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտումը և սննդամթերքի անվտանգությունը Չինաստանում» և «Սննդամթերքի անվտանգությունը Չինաստանում» (Պեկինի համալսարանի բժշկական ֆակուլտետի հասարակական հիգիենայի ինստիտուտ. տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Վան Պեյույ),
- «Օրգանական մթերքների արտադրությունը, վերահսկումը և սերտիֆիկացումը Եվրոպայի և Ամերիկայի սննդամթերքի անվտանգության ոչ-ԳՁՕ սերտիֆիկացման համակարգի ներածություն» (Չինաստանի ժողովրդական համալսարանի գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման դպրոց, դոկտոր, պրոֆեսոր Ցզի Պինշէն),
- «Սննդի անվտանգության և դրա վերահսկման տվյալների արդյունավետ ապահովումը» (Չինաստանի չափագիտության հետազոտական ինստիտուտ. պրոֆեսոր Վան Ցզին),
- «RFID տեխնոլոգիաների կիրառումը սննդամթերքի անվտանգության ոլորտում» (Չինաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ավտոմատացման ինստիտուտի RFID տեխնոլոգիաների հետազոտական կենտրոն. պետ Տան Ցզե),
- «Սննդամթերքի անվտանգության արագ գնահատում» (Չինաստանում հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման գծով սննդի և սննդամթերքի անվտանգության ինստիտուտ. ղեկավար Վան Լին),
- «Սննդամթերքների պահածոյացումը և անվտանգությունը» (Դոկտոր Վան Ցզիանմին),
- «HACCP համակարգը և նրա կիրառումը Չինաստանում» (Սննդի և խմորման արդյունաբերության Չինաստանի պետական հետազոտական ինստիտուտ. Լի Լեյի):
Սեմինար-դասընթացի հիմնական անցկացման վայր էր հանդիսանում Պեկին քաղաքը, իսկ դասընթացի շրջանակում մասնակիցներն այցելել են Սիան և Շանhայ քաղաքներ: Այս երեք քաղաքներում կազմակերպվել են բազմաթիվ այցելություններ գիտահետազոտական կենտրոններ, արդյունաբերական ձեռնարկություններ, գյուղատնտեսական շրջաններ, ցուցահանդեսներ, պատմամշակութային վայրեր, թանգարաններ: Ընձեռվել է հնարավորություն մոտիկից ծանոթանալ Չինաստանի բազմադարյա պատմությանը, զարգացման փուլերին, սննդի արդյունաբերությանը և կառավարման համակարգին:
Մասնակից պետությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են իրենց երկրներում սննդամթերքի անվտանգության բնագավառում տիրող իրավիճակը և պայմանավորվածություն ձեռք բերվել հետագայում փորձի փոխանակման և համագործակցության համար:
Չինացի գործընկերների հետ քննարկվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացման հարցեր, ձեռք բերվել նախնական պայմանավորվածություն համագործակցության ուղղությամբ, որոնք, հուսով ենք, հետագայում կտան իրենց արդյունքը:
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայաստանի Հանրապետության դեսպանի կողմից կազմակերպվել է ընդունելություն, որտեղ քննարկվել են սննդամթերքի անվտանգության բնագավառում Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտության և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Պարոն դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել սննդամթերքի անվտանգության բնագավառում երկկողմ հարաբերությունների խորացմանը:
Սեմինարի պաշտոնական փակման արարողության շրջանակում ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության բնագավառի օրենսդրությունն ու համակարգի կառուցվածքը, ինչը դրական կարծիքի է արժանացել բոլոր մասնակից երկրների և կազմակերպիչների կողմից:
