2012-07-17Ս.թ. հուլիսի 17-ից 20-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Համառուսաստանյան բույսերի կարանտին կենտրոնում (Բիկովո) կայացել է տարածաշրջանային ուսուցողական սեմինար:

Սեմինարը կազմակերպել էին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), ինչպես նաև Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության եվրոպական միջերկրյածովյան կազմակերպությունը (EPPO) «Բուսասանիտարական միջոցառումների միջազգային չափորոշիչների (ԲՄՄՉ) նախագծերի վերաբերյալ» թեմայով:

Սեմինարին, բացի ԱՊՀ և մեծբալթյան երկրներից, մասնակցում էին նաև Բոսնյա և Հերցեգովինան, Հունգարիան, Մակեդոնիան, Լեհաստանը, Սերբիան, Թուրքիան և Մոնթանեգրոն: Միջազգային կազմակերպություններից սեմինարին մասնակցում էր FAO/IPPC-ից Գրեիգ Ֆեդչոկը, տարածաշրջանային FAO-ից՝ Ավետիք Ներսիսյանը, և EPPO-ից՝ գլխավոր տնօրեն Ռինգոլս Առնեկիսն ու ավագ գիտաշխատող, կ.գ.դ. Անդրեյ Օռլինսկին: Մեր երկրից մասնակցում էր Ծառայության աշխատակազմի ռիսկերի կառավարման վարչության բուսասանիտարական ռիսկերի կառավարման բաժնի պետ Մերուժան Թարզյանը:

Սեմինարի օրակարգի համաձայն՝ վերանայվել են հետևյալ ԲՄՄՉ-ները՝

1.ԲՄՄՉ 12. «Բուսասանիտարական հավաստագրերի ուղեցույց»: Լրացում՝ Էլեկտրոնային հավաստագրում, չափորոշիչների մասին տեղեկատվություն, XML և փոխանակության մեխանիզմները (2006-003):

2.ԲՄՄՉ 26. «Պտղաճանճից ազատ գոտու հիմնումը»:

2.1.«Ազատ գոտու տարածքում պտղաճանճի օջախի հայտնաբերման դեպքում կարանտին գոտու սահմանումը»:

2.2.Արձանագրություն «Մրգերի և բանջարեղենի կարգավիճակի որոշումը որպես պտղաճանճի տեր-բույս»:

3.ԲՄՄՉ 13. «Անհամապատասխանության և արտակարգ գործողությունների ուղեցույց»:

4.ԲՄՄՉ 15. «Միջազգային առևտրում փայտե փաթեթավորման նյութի կարգավորման ուղեցույց»:

Բոլոր վերոհիշյալ չափորոշիչների վերաբերյալ արվել են համապատասխան մեկնաբանություններ, լրացումներ, առաջարկություններ, ինչպես նաև կատարվել են պարզաբանումներ՝ կապված ԵՄ սկզբունքների և պահանջների կատարումը ապահովելու նպատակով ՀՀ օրենսդրության ուղղահայաց մոտարկման հետ, ինչպես նաև Մերուժան Թարզյանը հակիրճ ներկայացրել է Ծառայությունում բուսասանիտարիայի բնագավառում կատարված բարեփոխումները, պատասխանել է մասնակիցների հարցերին: