Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության խորհրդակցությունների դահլիճում կայացավ Հանրային կոմիտեի նիստ, որի ընթացքում Ծառայության պետ Ա.Բախչագուլյանը մասնակիցներին ներկայացրեց 2012թ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում Ծառայության կողմից իրականացված դիտարկումների արդյունքները:
Ծառայության պետն իր մտահոգությունը հայտնեց օրենսդրական բացի նկատմամբ և նշեց, որ նոր օրենքներ են նախագծվում այդ բացը լրացնելու նպատակով, քանի որ դիտարկումների ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում Ծառայությունը լիազորված չէ տուգանք կիրառելու, սակայն, միևնույն ժամանակ, հավելեց, որ տնտեսավարողի համար առավել ցավալի է խմբաքանակի դուրսբերումը շուկայից և, անհրաժեշտության դեպքում, նաև ոչնչացումը, քան տուգանքի մուծումը: Ծառայության պետը հավելեց նաև, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն սննդամթերք, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներ արտադրող, վերամշակող, ներմուծող, ինչպես նաև իրացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այդ թվում՝ հանրային սննդի կազմակերպությունները, պարտավոր են իրենց կողմից կատարվող գործառնությունների մասին տեղեկատվություն տրամադրել Ծառայությանը: Նիստի ընթացքում քննարկվեց նաև համընդհանուր ստանդարտ ունենալու հարցը, քանի որ միայն տեխնիկական կանոնակարգը չի բավարարում:
Նիստի արդյունքում որոշվեց 20 օրվա ընթացքում նոր օրենքների վերաբերյալ Ծառայությանը ներկայացնել գրավոր առաջարկություններ և խթանել Ծառայություն – հասարակական կազմակերպություն երկկողմանի համագործակցությունը: