2013 թվականի հունիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Հագվի համայնքում տեղի է ունեցել 11 գլուխ խոզի անկում: Անկած խոզերից վերցված ախտաբանաանատոմիական նմուշը Ծառայության աշխատակիցների կողմից ուղարկվել է լաբորատոր փորձաքննության:
Փորձաքննության նախնական արդյունքներով նմուշում ախտորոշվել էպաստերելյոզ հիվանդություն: Նշված հիվանդությունը վայրի և ընտանի կենդանիների վարակիչ հիվանդություն է, որը մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների շարքին չի դասվում: Պաստերելյոզը հնարավոր է կանխարգելել և բուժել: Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով Ծառայության կողմից տրվել է հրահանգ՝ իրականացնելու անհրաժեշտ անասնահամաճարակային միջոցառումները. այս պահին հիվանդության մեջ կասկածվող 5 խոճկորներն առանձնացվել են՝ բուժում իրականացնելու նպատակով, կատարվել են ախտահանության աշխատանքներ:
Փորձաքննությունը շարունակվում է, և վերջնական արդյունքները պատրաստ կլինեն ս.թ. հունիսի 20-ին:
Ծառայության մասնագետների կողմից Հագվի համայնքում իրականացվում է ամենօրյա հսկողություն համայնքում առկա գլխաքանակի նկատմամբ:
Անկած կենդանիների մսեղիքը չի շուկայահանվել:
Ինչպես Հագվի համայնքում, այնպես էլ ՀՀ մյուս համայնքներում խոզերի անկման նոր դեպքեր չեն գրանցվել: