Ի պատասխան վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվամիջոցներով տարածված հրապարակումներին՝ պաղպաղակի շուկայում առկա «խախտումների» վերաբերյալ՝ հայտնում ենք ձեզ, որ ՀՀ կառավարության «Կաթին կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկակական կանոնակարգը հաստատելու մասին» 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ կարգավորվում է պաղպաղակի արտադրությանը ներկայացվող պահանջները և հասկացությունների բաժնում հստակ տրված են կաթնաբուսական և կաթնային հիմքով պաղպաղակների ձևակերպումները:

ՀՀ օրենսդրության համաձայն՝ բուսական յուղի առկայությունը որպես անվտանգության ցուցանիշ դիտարկել չի կարելի: Եվ քանի որ համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի՝ վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար, ինչպես նաև շուկայից հետկանչման ենթակա է միայն վտանգավոր ճանաչված սննդամթերքը, հետևաբար՝ պաղպաղակը, որում օգտագործված է օրենսդրորեն սահմանված տեսակի և քանակությամբ բուսական յուղ, շուկայից հետկանչման ենթակա չէ:

Նշենք նաև, որ սույն թվականի հունիսի 12–ին Ծառայություն է դիմել «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարը և խնդրել իրենց օգնել՝ իրականացնել շուկայահանված պաղպաղակի նմուշառում՝ հետագայում իրենց կողմից լաբորատոր փորձաքննության ներկայացնելու համար, և Ծառայությանը լաբորատոր փորձաքննության արձանագրությունները ներկայացվել են ս.թ. հունիսի 25-ին:

Ուսումնասիրելով նմուշառված արտադրատեսակների մակնշումը և համադրելով լաբորատոր փորձաքննության արձանագրությունների հետ՝ միայն «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի մեկ արտադրատեսակի մակնշման մեջ է բացակայել բուսական յուղի առկայության մասին տեղեկատվություն:

Ծառայության պետի 2013 թվականի հունիսի 25-ի N372-Ա հրամանի համաձայն «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ում իրականացվում են ստուգումներ:

Պաղպաղակ արտադրող բոլոր կազմակերպությունները գտնվում են Ծառայության մշտական վերահսկողության ներքո:

Կոչ ենք անում ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներին՝ հայտարարություններ և մեկնաբանություններ անելիս առաջնորդվել ՀՀ օրենսդրության պահանջներով և չապակողմնորոշել սպառողներին: