Ս․թ․ հունիսի 28-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում կազմակերպվել է քննարկում «Պաղպաղակի արտադրության ոլորտում առկա խնդիրները, բացթողումները և դրանց լուծման ուղիները» թեմայով։ Քննարկմանը մասնակցել են՝ ՀՀ Գն սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը, ՀՀ Գն սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը, ներկայացուցիչներ պաղպաղակ արտադրող ընկերություններից, մասնավորապես՝ «Թամարա և Անի» ՍՊԸ, «Էլիտ Շանթ» ՍՊԸ, «Աշտարակ Կաթ» ՍՊԸ, «Թամարա» ՍՊԸ, «Արմ Սվիթ» ՍՊԸ, «Գրանդ Քենդի» հայ-կանադական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ, «Չանախ» ՍՊԸ, «Ա.Ավետյանի ԱՍԱ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ։
Քննարկման ժամանակ պաղպաղակ արտադրող կազմակեպությունների ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացվեց հանդիպման կարևորությունը և պաղպաղակի շուկայում հայտնաբերված խախտումների բնույթը:
Ծառայության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց դիրքորոշումը հարցի լուծման վերաբերյալ, այն է՝
- Արտադրել ՀՀ կառավարության «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշման պահանջներին համապատասխան սննդամթերք․
- Ապահովել «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ մակնշմանը ներկայացվող պահանջներին համապատասխան մակնշում:
- Փաթեթվածքի կամ սպառողական տարայի վրա նշել կոնկրետ պաղպաղակի տեսակը, որը համաձայն նորմատիվ փաստաթղթերի՝ արտադրվում է արտադրողի կողմից (ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշման աղյուսակ 39-ում տրված են պաղպաղակի նույնականացման ֆիզիկաքիմիական ցուցանիշները, որտեղ հստակ ամփոփված են պաղպաղակի տեսակները՝ Պլոմբիր, Սերուցքային, Կաթնային, Կաթնաթթվային և Բուսական յուղով):
Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ նոր փաթեթավորող նյութեր պատվիրելը կարճ ժամանակում իրատեսական չէ, և տնտեսավարողները կհայտնվեն անելանելի վիճակում:
Ծառայության ներկայացուցիչների կողմից առաջարկվեց մակնշման անհամապատասխանություններն ուղղել կրկնապիտակների միջոցով, մինչ նոր խմբաքանակի պիտակներ և փաթեթավորող նյութեր պատվիրելը:
Ծառայության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին արտադրողներին օգնել մակնշման օրինակելի ձևերի մշակման աշխատանքում, որը ողջունվեց տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների կողմից։ Սպասվում է, որ առկա խախտումները կվերացվեն մինչև ս․թ․ հուլիսի 5-ը:
Ս․թ․ հուլիսի 5-ից Ծառայության կողմից իրականացվելու են լայնածավալ միջոցառումներ՝ պաղպաղակի իրացման շուկայում ձեռք բերված համաձայնության կատարողականի ապահովման վերաբերյալ, որին կարող են մասնակից լինել նաև արտադրող կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: