Ս.թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս: Ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը հանդես եկավ պարզաբանմամբ՝ հիվանդ կարտոֆիլի խմբաքանակի հետ կապված վիճարկելի խնդիրների վերաբերյալ:

Արթուր Նիկոյանը նշեց, որ վերջին ժամանակներում Վրաստանի հետ համագործակցության առումով եղել են որոշ խնդիրներ, և այդ պատճառով Ծառայության պետի հետ մեկնել են Վրաստանի Հանրապետություն, հանդիպել Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարարի, գյուղատնտեսության նախարարության պարենի ազգային գործակալության պետի և ոլորտի այլ պաշտոնատար անձանց հետ:

Արթուր Նիկոյանի պարզաբանմամբ՝ 500 տոննա կարտոֆիլը Վրաստանից հետ վերադարձնելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ամբողջ տարվա ընթացքում հետ է վերադարձվել 220-230 տոննա, իսկ կոնկրետ այդ դեպքում կարտոֆիլը եղել է 50 տոննա:

Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները հանդիպել են այն լաբորատորիայի ղեկավարի հետ, որտեղ փորձաքննության էր ենթարկվել կարտոֆիլը: Վերջինս նշել է, որ իրենք փորձաքննության են ենթարկել այն կարտոֆիլը, որը ներկայացվել է իրենց: Կարտոֆիլը հետ վերադարձվելուց հետո մեր երկրում փորձաքննության ժամանակ պարզվել է, որ կարտոֆիլը վարակված չէ «գորշ փտում» հիվանդությամբ, հետևաբար՝ Վրաստանում փորձաքննության ենթարկված կարտոֆիլը չի հանդիսանում Հայաստանից Վրաստան արտահանված կարտոֆլի նմուշը:

Արթուր Նիկոյանը տեղեկացրեց, որ Վրաստանի սահմանային հսկիչ կետերում բուսասանիտարական հսկողությունն իրականացնող տեսուչները հանդիսանում են պետեկամուտների գերատեսչության, այլ ոչ՝ բուսասանիտարական ծառայության աշխատակիցներ, այսինքն՝ նրանց միջև առկա է տեղեկատվության փոխանակման և այլ գործողությունների օպերատիվության պակաս: Նախկինում առաջարկ է եղել մեր Ծառայության կողմից, որ սահմանային հսկողության ժամանակ նմուշառումը կատարվի երկու կողմերի մասնագետների մասնակցությամբ, սակայն վրացական կողմը մերժել է:

Նիկոյանը նշեց նաև, որ ՀՀ-ում յուրաքանչյուր տարի բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով իրականացվում է մոնիթորինգի, նմուշառման և լաբորատոր փորձաքննության աշխատանքներ, և արդյունքում պարզվել է, որ մեր երկրում բացակայում է վերոնշյալ հիվանդությունը:

Վրաստանը համարվում է առևտրային գործընկեր երկիր, և այս տարի դեպի Վրաստան արտահանվել է շուրջ 3200 տոննա կարտոֆիլ, իսկ նախորդ տարի արտահանվել էր 1100 տոննա: Արթուր Նիկոյանը հստակեցրել է, որ մենք հանդիսանում ենք Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի անդամ-երկիր, նույն կազմակերպությանն անդամակցում է նաև Վաստանը: Յուրաքանչյուր տարի փոխանակում ենք մեր երկրների բուսասանիտարական իրավիճակի մասին տվյալներ՝ երկրում տարածված կարանտին վնասակար օրգանիզմների տեսակային կազմի և ընդգրկվածության վերաբերյալ:

Վրաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանի վրա կատարվող գործառույթների անհամաձայնության դեպքում 2 կողմերի մասնագետների մասնակցությամբ կատարվի համապատասխան նմուշառում, և նմուշները ներկայացվեն նաև երրորդ երկրի լաբորատորիա: Բացի այդ, նախատեսվում է 2 երկրների Ծառայությունների միջև ստորագրել փոխըմբռնման հուշագիր:

ՍԱՊԾ աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն անդրադարձավ նաև կարտոֆիլի կարանտին վնասակար այն օրգանիզմներին, որոնք առկա են ՀՀ-ում՝ կարտոֆիլի ոսկեփայլ նեմատոդա, կարտոֆիլի քաղցկեղ հիվանդությունները և կոլորադյան բզեզ վնասատուն, վերջին տարիներին նաև կարտոֆիլի ցեց վնասատուն, որի պատճառով անցած տարի կրած վնասները գերազանցում են այս տարվանը: Կարտոֆիլի ցեցը հայտնաբերվել է Ծառայության կողմից իրականցված մոնիթորինգի ժամանակ և հաստատվել լաբորատոր փորձաքննության արդյունքներով: Նշված վնասատուի դեմ պայքարելու նպատակով կազմվել է պայքարի միջոցառումների և գործողությունների ցանկ, դրանք տպագրվել են տեղեկատվական թերթիկների տեսքով, տրամադրվել են ֆերմերներին, փակցվել են համայնքների մարդաշատ վայրերում, ինչպես նաև իրականացվել է խորհրդատվություն վնասատուի դեմ պայքարի վերաբերյալ: Նիկոյանը նաև հավելեց, որ կարտոֆիլի ցեցը շատ երկրներում, այդ թվում՝ Եվրամիության անդամ երկրներում, չի համարվում կարանտին վնասակար օրգանիզմ:

Վրաստանի Հանրապետության հետ համագործակցության առումով Արթուր Նիկոյանը հայտնեց, որ որևէ փոփոխություն Հայաստանից Վրաստան կարտոֆիլի արտահանման գործընթացում չի եղել և շարունակվում է կարտոֆիլի արտահանումն ամեն օր: