IMG_83242013թ. փետրվարի 12-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի է ունեցել հանդիպում համաշխարհային բանկի «IDF» գրանտային ծրագրի շրջանակներում սննդամթերքի անվտանգության ոլորտում հաղորդակցության բարելավման նպատակով Հայաստան ժամանած միջազգային փորձագետ Դան Պետրեսկուի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Հանրային կոմիտեի անդամները, Ծառայության աշխատակազմի որոշ անդամներ, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներ և տեղական փորձագետներ:

Հանդիպման ժամանակ քննարկվեց «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդակցության ռազմավարության» ծրագիրը: Ծրագիրը կազմվել էր Հայաստանում սննդամթերքի անվտանգության հաղորդակցության բնագավառի գնահատմանն ուղղված ծավալուն աշխատանքի հիման վրա:

«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդակցության ռազմավարության» ծրագիրը կազմված էր 5 կետերից և ենթակետերից. նախաբան, խնդիրներ և նպատակներ, ռիսկերի հաղորդակցում, բռնկումների ժամանակ հաղորդակցության ռազմավարություն, իրականացման միջոցառումներ և հետագա քայլեր: Հաղորդակցության ռազմավարությունը հիմնված էր առկա ուժեղ կողմերի և հնարավորությունների գնահատման վրա` առաջարկելով ուղղիչ միջոցներ թույլ կողմերի համար` հաշվի առնելով վտանգները: Ռազմավարության մշակման ժամանակ նաև հաշվի էր առնվել համապատասխան փորձառու կառույցների` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալության (ՍԱԵԳ), ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության կենտրոնի (ՀՎԿ) ռիսկերի և արտակարգ իրավիճակներում հաղորդակցության ներկայումս հայտնի ուղենիշները և լավագույն փորձը:

Փորձագետի կողմից ծրագրի ներկայացումից հետո թե՛ Հանրային կոմիտեի անդամները, թե՛ Ծառայության աշխատակիցները հանդես եկան առաջարկություններով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Ծառայության, Հանրային կոմիտեի անդամների և հասարակական կազմակերպությունների հաղորդակցությանն առնչվող խնդիրներ:

Ռազմավարության ծրագրի հիման վրա կկազմվի գործողությունների ծրագիրը, որը նույնպես կենթարկվի քննարկման: