IMG_0029Այսօր՝ 2014թ. հուլիսի 4-ին, ք. Երևանի «Էլիտ պլազայում» կայացավ հանդիպում ՍԱՊԾ-ի, Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի և սննդամթերքի արտադրության տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև: Հանդիպումը նվիրված էր սննդի շղթայում անվտանգության համակարգերի ներդրման կարևորության և վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգերի ներդրման ուղեցույցների քննարկմանը: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանը՝ կարևորելով տվյալ հանդիպումը՝ կատարվող աշխատանքների շարունակականության տեսանկյունից: Ծառայության պետը իր երախտագիտությունը հայտնեց ՄՖԿ-ին՝ արգասաբեր համատեղ աշխատանքի համար և նշեց, որ անցած երկու տարիների ընթացքում փորձել են և այսուհետ ևս փորձելու են համատեղ ուղղոդել տնտեսավարողներին՝ անվտանգության համակարգերի ներդրման ընթացքում (ՊԱՊ և ՊՀՊ ուղեցույցի ստեղծում, ՎՎՀԿԿ 7 ուղեցույցների ստեղծում և այլ շարունակական բնույթ ունեցող աշխատանքներ):

Պարոն Բախչագուլյանն իր խոսքում հիշատակեց այն, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սննդամթերքի անվտանգությունը. դրա ապացույցն է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարութան գոյությունը, որի հիմքում ընկած է համաշխարհային լավագույն փորձը:

Նա ներկայացրեց ՄՖԿ-ի, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի և Ծառայության համատեղ ուժերով ստեղծված ՎՎՀԿԿ 7 ուղեցույցները, որոնք պարզ են և հակիրճ (ուղեցույցները նախատեսված են ձուկ-ձկնամթերքի, միս-մսամթերքի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, մրգերի և բանջարեղենի պահածոների, կաթ-կաթնամթերքի արտադրության և հանրային սննդի կազմակերպման ոլորտների համար):

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Աշխեն Շիրվանյանը և Մայա Թևզադզեն՝ «Վրաստանում և Հայաստանում սննդի անվտանգության բարելավման ծրագրի» ղեկավարը, ով նշեց, որ մեր համատեղ ջանքերն ուղղորդված են որակի և անվտանգության ոլորտում աջակցության տրամադրմանը՝ ընկերությունների հետագա զարգացման և մրցունակության բարձրացման համար:

ՄՖԿ սննդամթերքի անվտանգության փորձագետ Արա Կարապետյանը ներկայացրեց անվտանգության համակարգերի ներդրման ժամանակ փորձառու և հուսալի խորհրդատու-փորձագետի ընտրության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում իրենց փորձով կիսվեցին նաև անվտանգության համակարգեր ներդրած մի շարք տնտեսավարողներ, նկարագրեցին ներդրման դժվարությունները և հետագա ձեռքբերումները: Նշեցին, որ համակարգերի ներդրումը մի շարք առավելություններ է տալիս, այդ թվում՝ մեծանում են արտադրանքի արտահանման հնարավորությունները:

Խոսքով հանդես եկավ նաև ՄՄ օրենսդրության միջազգային փորձագետ Ելենա Բուլավինան, ով ներկայացրեց Մաքսային Միության սննդի անվտանգությանը վերաբերվող նորմատիվ ակտերը և սննդամթերքի անվտանգության հարցերը անցումային շրջանում`Բելառուսի Հանրապետության օրինակով:

Ծառայության մասնագետները առանձին-առանձին ներկայացրեցին բոլոր ուղեցույցները, որոնց շուրջ տեղի ունեցան քննարկումներ: