Ս.թ. հուլիսի 11-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության խորհրդակցությունների դահլիճում կայացավ հանդիպում «Թռչնաբույծների միություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանի և թռչնաբուծության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը մասնակիցներին ներկայացրեց ներկայումս թռչնաբուծության ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները:
Ծառայության պետն անդրադարձավ թռչնաբուծության ոլորտում շոգ եղանակների հետևանքով առաջ եկող հիվանդություններին, թռչնամթերքի պահման պայմաններին, թռչնաբուծարանների սանիտարահիգիենիկ վիճակին և դրանց համապատասխան փաստաթղթաշրջանառության ոլորտին առնչվող խնդիրներին: Աբրամ Բախչագուլյանը նշեց, որ այդ խնդիրները պետք է լուծեն միասին. թե՛ Ծառայության և թե՛ թռչնաբույծների համատեղ ջանքերով:
Ծառայության պետը հավելեց նաև, որ ներկայումս Հայաստանում 100 %-ով սպառվում է տեղական արտադրության ձուն: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցների կողմից պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որն ուսումնասիրություն կիրականացնի թռչնաբուծության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների մոտ՝ առկա խնդիրների բացահայտման և լուծման համար:
Թռչնաբուծության ոլորտում անցկացվող ուսումնասիրության հետ կապված առաջարկություններով հանդես եկան նաև թռչնաբույծները, քննարկվեցին առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ ուղիները, նաև Մաքսային միությանն անդամակցելու ընթացքում առաջ եկող փոփոխությունները: