Ս.թ. նոյեմբերի 18-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ նիստերի դահլիճում տեղի ունեցավ ասուլիս` նվիրված 2014թ.-ի նոյեմբերի 12-ից ՌԴ մսամթերքի արտահանման հարցերին:

Բանախոսը Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն էր:

Նա ներկայացրեց ՌԴ մսամթերքի արտահանման թույտվություն ստացած 11 ընկերությունների ցանկը և նշեց, որ ևս 3 ընկերության ընդգրկումն այդ ցանկում քննարկման փուլում է:

Բանախոսն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու էր արգելվել մսամթերքի արտահանումը ՌԴ, ինչպես է թույլատրվել նախ՝ 2009թ.-ից ձուկ-ձկնամթերքի արտահանումը, ապա՝ 2010թ.-ից՝ կաթնամթերքի արտահանումը, և այժմ՝ 2014թ.-ից՝ մսամթերքի արտահանումը: Նա նշեց, որ այժմ Ծառայության պետի և աշխատակազմի կողմից աշխատանքներ են կատարվում նաև ՀՀ-ից ՌԴ թռչնամսի արտահանման թուլյտվության ձեռքբերման ուղղությամբ:

Հովհաննես Մկրտչյանը հորդորեց ԶԼՄ ներկայացուցիչներին զգույշ լինել կենդանիների հիվանդությունների անվանումների օգտագործման ժամանակ և հաղորդագրություն տարածելուց առաջ քննարկել Ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ, քանի որ ոչ ստույգ տեղեկատվություն պարունակող նյութը կարող է լուրջ վնաս հասցնել մեր երկրից տարբեր երկրներ արտահանում իրականացնելու գործընթացներին:

Հովհաննես Մկրտչյանը հակիրճ ներկայացրեց այն չափանիշները, որոնցով ընտրվել են վերոնշյալ 11 ընկերությունները (հումքի անվտանգություն, փաթեթավորում, մակնշում, տեղափոխման պայմաններ):

Հովհաննես Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում կկազմակերպվի հանդիպում արտահանման թույլտվություն ստացած տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում հայրենական արտադրողներին կներկայացվեն արտահանվող մսամթերքին ներկայացվող Մաքսային միության պահանջները և արտահանման սերտիֆիկատի տրամադրման գործընթացը:

Բանախոսը հավաստեց, որ Հայաստանի Հանրապետությունն ունի ամսական մոտ 3000 տոննա մսամթերքի արտահանման պոտենցիալ՝ այս պահի դրությամբ առանց ներքին շուկայում գների վրա ազդեցություն թողնելու:

Հովհաննես Մկրտչյանը, ամփոփելով ասուլիսը, հակիրճ անդրադարձ կատարեց նաև ՀՀ-ում մսի վաճառքի շուկայում տիրող իրավիճակին և վստահեցրեց, որ հաշվի առնելով նախատոնական ժամանակաշրջանում մսի անվտանգության հետ կապված ռիսկերի հնարավոր ավելացումը՝ այդ օրերին վերահսողությունը կուժեղացվի: