Փետրվարի 13-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է Տավուշի մարզի Բագրատաշենի սահմանային հսկիչ կետ՝ տեղում ծանոթանալու ներմուծվող, արտահանվող և տարանցիկ փոխադրվող սննդամթերքի նկատմամբ վերահսկողական աշխատանքներին:
Ծառայության պետը Բագրատաշենի սահմանային հսկիչ կետի աշխատակազմին աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու մասին հանձնարարականներ է տվել, նաև հորդորել՝ հնարավորինս արագ ուսումնասիրել սահմանին հասած սննդամթերքի՝ պահանջերին համապատասխանությունը և անհրաժեշտ դեպքերում ապահովել փորձաքննությունը՝ մթերքն առանց ուշացումների սպառողներին հասցնելու և տնտեսավարողների համար խոչընդոտներ չստեղծելու նպատակով:
Ծառայության աշխատանքային խումբը եղել է նաև Տավուշի մարզային կենտրոնում, ՍԱՊԾ ենթակայության տակ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի տարածքային կառույցներում, որտեղ անդրադարձել է աշխատանքների համակարգմանը, կենտրոնի և լաբորատորիայի տեխնիկական հագեցվածությանը: