2015 թվականի փետրվարի 19-ին Սոչիում, Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության, Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության, ԱՊՀ երկրների անասնաբուժական ծառայությունների ներկայացուցիչների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ քննարկվել է անասնահամաճարակային իրավիճակը ԱՊՀ երկրներում: Քննարկումների առանցքում հատուկ ուշադրության է արժանացել հատկապես խոզերի աֆրիկյան ժանտախտի խնդիրը: Հայաստանի Հանրապետությունից քննարկումներին մասնակցել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:
Ոլորտի պատասխանատուներն ու մասնագետներն այս ձևաչափով անդրադարձել են նաև ԱՊՀ երկրներում անասնաբուծական արտադրանքի տեղափոխմանը և դրա թափանցիկությունն ապահովելու անհրաժեշտությանը, որպեսզի հնարավոր լինի ուժեղացնել վերահսկողությունը ոլորտում: Այս նպատակով առաջարկվել է ԱՊՀ երկրներում նույնպես ներդնել Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության կողմից հաջողությամբ գործարկված համակարգերը (Արգուս, Մերկուրի, Վեստա):
Քննարկման առարկա է դարձել նաև անասնաբուժական դեղամիջոցների նույնականացման անհրաժեշտությունը, նշվել է, որ համատեղ մեծ աշխատանք է տարվում այս ուղղությամբ:
Առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ բարձրացված հարցերին փոխհամաձայնեցված լուծում տալու համար: