Մարտի 24-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ներկայացուցիչների և Ֆրանսիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր Լոր Դելկուրի միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան – Եվրամիություն համագործակցության հնարավոր զարգացումները սննդամթերքի անվտանգության բարձրացման բնագավառում, շեշտադրվեց այն փաստը, որ համագործակցության արդյունավետությունը կախված է երկկողմ շահագրգռվածությունից: Անդրադարձ կատարվեց «Թվինինգ» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումներին և օրենսդրական բարեփոխումներին, ինչպես նաև վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգին, դրա սկզբունքներին, ներդրման քայլերին և դրանց կիրառմանը:
Ներկայացվեցին նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված` սննդամթերքի անվտանգության ոլորտում տեղի ունեցող իրավական և գործառութային փոփոխությունները: Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը նշեց, որ 2015 թվականից Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը առաջ է քաշել նոր չափորոշիչներ, միաժամանակ պատրաստակամություն հայտնվեց շարունակել համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ` փորձի փոխանակման տեսանկյունից: