ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը և այլ պաշտոնատար անձինք այցելել են Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում գտնվող «Տոնուս-Լես» ընկերության սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական ժամանակակից լաբորատորիա:
Լաբորատորիան վերջերս ստացել է միջազգային ISO 9001-2008 հավատարմագրում, որը տարածաշրջանում առաջինն է:
«Տոնուս-Լես» ընկերության լաբորատորիան հնարավորություն է տալիս հանրապետությունում արտադրվող, ներկրվող դեղերի ու սննդի համար իրականացնել որակի և կենսահամարժեքության, ինչպես նաև կենսաբանական և մանրէաբանական փորձաքննություններ` նպաստելով դրանց որակական չափանիշների ապահովմանը: Այն ունի գերմանական, շվեյցարական, ճապոնական, իսրայելական արտադրության ժամանակակից սարքավորումներ և հնարավորություն է տալիս տեղական արտադրողներին արտերկրի փոխարեն տեղում ստանալ արտադրանքի լաբորատոր փորձագիտական եզրակացությունը, որակի հավաստագիրը, ինչի շնորհիվ էապես կկրճատվեն ընկերությունների ծախսերն ու ժամանակը: Լաբորատորիայի ղեկավարության հավաստիացմամբ, միջազգային հավատարմագրման արդյունքում լաբորատորիայի ներկայացրած եզրակացությունը հիմք կընդունվի աշխարհի բոլոր երկրներում: