Մարտի 30-ին և ապրիլի 1-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՎՆԳ, DTRA) կողմից կազմակերպվել է հերթական սեմինար-քննարկումը` նվիրված Արևելյան Եվրոպայում խոզերի աֆրիկյան ժանտախտի վերաբերյալ համայնքային իրազեկման և կրթական միջոցառումների անցկացման ծրագրին:
Սեմինարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի Հանրապետությունների ներկայացուցիչները, միջազգային փորձագետներ:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն ներկայացնում էին աշխատակազմի ռազմավարության, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Վարդանյանը, անասնաբուժության տեսչության գլխավոր մասնագետ Լիլիթ Սարգսյանը և «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Բագրատ Խաչատրյանը:
Ծրագրի նպատակն է հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման շնորհիվ նպաստել խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացմանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է միջազգային փորձագետների կողմից մշակված կրթական ծրագրի տեսլականը, որից հետո քննարկվել են յուրաքանչյուր հանրապետության ՎՆԳ թիմի կողմից առաջարկվող իրազեկման ծրագրի ընդհանուր մոտեցումները, դրանց արդյունավետությունը և ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:
2015թ. ընթացքում նախատեսվում են ևս մի քանի թեմատիկ հանդիպումներ, որոնց արդյունքում տարեվերջին կկազմվի միջոցառումների ծրագիրը: