ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը ապրիլի 14-17-ին աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա: Այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (ՌԴ ԱԲՀԴԾ) պետի տեղակալ Նիկոլայ Վլասովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական հարաբերություններին նվիրված մի շարք հարցեր:
Ռուսական կողմն առաջարկել է Արմեն Հայրապետյանին օգտագործել համաշխարհային պրակտիկայում ընդունված բոլոր հնարավոր կենսաապահովման և անասնաբուժական հսկողության գործիքները, այդ թվում` կենդանիների առանձնապես վտանգավոր հիվանդությունների նկատմամբ համաճարակային վիճակի մշտադիտարկումները` ելնելով Հայաստանի աշխարհագրական և բնակլիմայական առանձնահատկություններից:
Որևէ հիվանդության բռնկման դեպքում հանրապետության ողջ տարածքից արտահանման սահմանափակումներից խուսափելու նպատակով ռուսական կողմը խորհուրդ է տվել կիրառել տարածքային բաժանումների մեխանիզմներ, որոնք պետք է հաստատված լինեն օրենսդրական մակարդակով:
Ռուսական կողմը առաջարկել է նաև ներդնել ընդհանուր տեղեկատվական համակարգ, որը կապահովի արտադրանքի հետագծելիությունը ողջ ԵԱՏՄ տարածքում: Հիշյալ համակարգը կբարձրացնի միության անդամ երկրների միջև վստահության մակարդակը: