Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին մասնակցելու համար Հայաստանում էր նաև ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության պետի օգնական Դմիտրի Նատարովը, ով հանդիպում է ունեցել ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի գործընկեր կազմակերպությունների միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում երկուստեք հետաքրքրող հարցեր: Կարևորվել է սահմանային հսկիչ կետերում հայկական պտուղ-բանջարեղենն առաջնահերթ և սեղմ ժամկետներում բաց թողնելու անհրաժեշտութունը, զրուցակիցները նաև անդրադարձել են պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներին ու ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ նոր շուկայի ընձեռած հնարավորություններին:

Հաշվի առնելով, որ կենդանական ծագման հայկական սննդամթերքը մեծ պահանջարկ ունի ռուսական շուկայում՝ ոլորտի պատասխանատուները փաստել են արտահանման գործընթացն արագ և առանց վարչական խոչընդոտների կազմակերպելու անհրաժեշտությունը: Հայ գործընկերների հետ դաշնային ծառայության ներկայացացուցիչը համատեղ շրջայց է կատարել նաև հանրապետության տարածքում գտնվող ձկնաբուծարաններ: