ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտնագության պետական ծառայության մարզային կենտրոնների պետերի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:
Մարզային կենտրոնների ղեկավարները Ծառայության պետին հաշվետվություն են ներկայացրել 2015 թ. առաջին կիսամյակում կատարված ստուգումների և դրանց արդյունքների՝ այդ թվում և հանրապետության մանկապարտեզներում տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների և արձանագրված թերությունների վերաբերյալ: Ծառայության պետ Արմեն Հայրապետյանը մարզային կառույցների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել նախակրթական հաստատություններում սննդամթերքի անվտանգությունը,մանկապարտեզներում տարեկան ծրագրով նախատեսված ստուգումներն ավարտին հասցնել և ներկայացնել ամփոփ տեղեկանք մանկապարտեզների խոհանոցների սանիտարահամաճարակային վիճակի մասին: Ծառայության պետը նշել է, որ ամբողջական տեղեկատվությունն ունենալուց հետո պետք է համագործակցել հանրապետական գործադիր և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ բոլոր թերությունները վերացնելու և մանկապարտեզների սանիտարական վիճակը բարելավելու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում մարզային կենտրոնների ղեկավարներին հանձնարարվել է խիստ վերահսկողություն իրականացնել առողջարաններում և ամառային ճամբարներում հանրային սննդի նկատմամբ, ինչպես նաև, սեզոնային ռիսկերը հաշվի առնելով, ուշադրության կենտրոնում պահել արագ փչացող սննդամթերքի իրացումը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև մարզային կենտրոնների վերազինման և որակյալ կադրերով համալրման հարցը:
Քննարկեումների այս ձևաչափը կրելու է պարբերական բնույթ. ՍԱՊԾ տարածքային կառույցներն ամսական կտրվածքով կներկայացնեն հաշվետվություններ: