Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի՝ 2012 թվականի մայիսի 21-ի N 76-Ա հրամանով սույն թվականի մայիսի 22-29-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Շիրակի մարզում սննդամթերքի վաճառք իրականացնող առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, խանութներում, կրպակներում իրականացվել է շուկայահանված մսից կիսապատրաստվածքների, հումապխտած և կիսաապխտած երշիկների, ձկնամթերքի, թթվասերի, մածունի, կաթնաշոռի, կարագի, յոգուրտի, մանկական սննդի դիտարկում, և գյուղատնտեսական կենդանիների և թռչունների սպանդից ստացված մթերքի, ձկնաբուծական արտադրանքի, կաթնամթերքի, ձվի, մեղրի իրացման համար պահանջվող անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունների առկայության և տրման ուսումնասիրություն:
Դիտարկումներում և ուսումնասիրություններում ներառվել են Գյումրու, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի և հարակից գյուղերում գործող առևտրի կենտրոնները, խանութները, կրպակները, գյուղարտադրանքի և սպառողական ապրանքների շուկաները:
Դիտարկումներում և ուսումնասիրություններում ներառվել են թվով 69 տնտեսավարող սուբյեկտներ:
Դիտարկման ընթացքում հայտնաբերվել են մի շարք սննդամթերքի տեսակների մակնշմանը ներկայացվող պահանջներին անհամապատասխանության 283 դեպք, որից 105-ը՝ առանց հայերեն մակնշման, 57-ը ընդհարապես մակնշում չեն ունեցել, 101-ը՝ առանց արտադրության ամսաթվի առկայության, 11-ը՝ անընթեռնելի ամսաթվով, 9-ը՝ թերի մակնշմամբ:
Հայտանաբերվել են պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի վաճառքի՝ 41 և պահման պայմաններին չհամապատասխանող՝ 10 դեպք:
Առկա էին նաև առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության կենդանական ծագման մթերքի վաճառքի 13 դեպք:
Դիտարկման և ուսումնասիրության ընթացքում տրված ցուցումներով մակնշման անհամապատասխանություններով սննդամթերքը և առանց անասնաբուժական փաստաթղթերի և փորձաքննության կենդանական ծագման մթերքը հանվել է վաճառքից, և ցուցում է տրվել ապահովել վաճառքը անասնաբուժասանիտարական փորձաքննությունից հետո, իսկ պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքը վաճառքից հանվել և ոչնչացվել է:
Մարզի մի շարք համայնքներում և քաղաքներում՝ Արթիկում, Մարալիկում, Աշոցքում, Ամասիայում և հարակից գյուղերում, մսի կրպակներում և խանութներում վաճառվող կենդանական ծագման մթերքը՝ թարմ և պաղեցված միսը, ձուկը, կաթը, մեղրը, չեն ենթարկվում անասնաբուժասանիտարական փորձաքննության, իսկ մի շարք այլ համայնքներում փորձաքննությունը կրում է ձևական բնույթ և սահմանափակվում է միայն տեսողական զննումով, լաբորատոր հետազոտություններ չեն իրականացվում: Փորձաքննության «թերթիկները», ստորագրությունները, կնիքները պատճենահանված էին, փորձաքննված մսեղիքի կամ մսի դրոշմակնքում չկար:
Ներկայումս կատարվում են աշխատանքներ խախտումները վերացնելու ուղղությամբ: Բացի այդ, հետագայում տեսչական ստուգումներ իրականացնելու ընթացքում հաշվի կառնվեն նաև վերոնշյալ խախտումները:
Ծանոթացեք հայտնաբերված անհամապատասխանություններին: