«ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Գյուղատնտեսության և սպառողների սպասարկման վարչության Սննդամթերքի անվտանգության բաժնի առաքելությունը անվտանգ և առողջարար սննդի շղթա ապահովելն է, և ես, որպես տնօրեն, հանձն եմ առել այդ առաքելությունը Ֆլորիդայի ավելի քան 19 մլն բնակիչների և տարեկան 94 միլիոն այցելուների համար: Ամերիկյան խորհուրդների և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Միրզոյանի հրավերով ես այցելեցի Հայաստան սննդամթերքի անվտանգության, կրթության և մշակույթի փոխանակման նպատակով:

Հայաստան կատարած այցելությանս հենց սկզբում հասկացա, որ ծառայությունն ունի հենց նույն առաքելությունը՝ պաշտպանել, խթանել հանրային առողջությունը անվտանգ սննդամթերքի ապահովման միջոցով: 2011 թվականին հիմնադրվեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որը միավորեց սննդամթերքի անվտանգության գործառույթները և սննդամթերքի անվտանգության կարգավորման համակարգի համար ստեղծեց նոր ենթակառուցվածք: Համակարգը նախատեսված է՝ պաշտպանելու սննդի մատակարարումը ֆերմայից մինչև պատառաքաղ և դաշտից մինչև սեղան: Որպես այդպիսին, Ծառայությունը, սննդի վերամշակման և արտադրության փուլերի միջոցով, կարգավորում է սննդամթերքի անվտանգությունը հումքի բաղադրիչներից (բուսական և կենդանական ծագման) մինչև մանրածախ վաճառք:

Այցելությանս ընթացքում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ պարոն Աբրամ Բախչագուլյանը ներկայացրեց իր մտահոգություններն ու նպատակները, և ավելին՝ սննդամթերքի անվտանգության ապահովմանն ուղղված հեռանկարային նպատակները: Նրա մտահոգությունները կապված էին հետագծելիության, հաստատությունների գրանցման և տեղեկատվության փոխանակման հետ: Ես էլ եմ կիսում այս մտահոգությունները: Օրինակ, դրանցից մեկը՝ կապված հետագծելիության հետ: Այս առումով, երբ ողջ աշխարհը վերածվել է մթերային խանութի, ցանկությունը՝ հիմնովին բացահայտելու, թե արտադրանքը կամ դրա հումքերից մեկը որտեղից է ծագում, իրոք դարձել է մարտահրավեր: Այս մարտահրավերը մեկն է, որը բնորոշ չէ միայն Հայաստանին և սննդամթերքի անվտանգության համակարգի նրա զարգացմանը, այլ համընդհանուր և հույժ կարևոր խնդիր է հանրային առողջության ապահովման համար:

Ինձ համար պարզ դարձավ, որ Հայաստանում ազգային և միջազգային կանոնակարգեր են գործածվում՝ ուղղված համընդհանուր հետագծելիությանը: Սրան վերաբերող որոշ մեթոդներ ներառում են մակնշման պահանջները, հաշվառումները, գրանցումների պարտադիր վարումը, խմբաքանակի ստանդարտացված կոդավորումը: Սույն խնդրի լուծման համար մշակվում են նոր կանոնակարգեր: Չնայած բազմաթիվ մտահոգությունների հաղթահարման մարտահրավերին, պարոն Բախչագուլյանն ու Ծառայությունը շատ ձեռքբերումներ ունեն իրենց ոլորտում: Դրանցից մի քանիսը ներառում են միասնական տեսչական կառավարման համակարգի ստեղծումը, արտադրական օբյեկտների վերաբերյալ կոնսոլիդացված ծրագիրը և լաբորատորիան, որն աշխատում է ձեռք բերել միջազգային հավատարմագրման կարգավիճակ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նոր մարմին է, որը կառուցվել է հիմքից՝՝ սննդամթերքի անվտանգության միջազգային հաջողություններից ու ձախողումներից դասեր քաղելով և դրանք կիրառելով նոր համակարգի ստեղծման մեջ: Ֆլորիդայի և Հայաստանի սննդամթերքի անվտանգության համակարգերը բավականին տարբեր են միջոցների, ֆերմաների, սպասարկվող բնակիչների և փորձի առումով, բայց մեր առաքելությունները նույնն են: Փորձի փոխանակման ընթացքում, իրոք վստահ եմ, Ծառայությունը հնարավորություն ունեցավ ինչ-որ բան քաղել իմ այցելությունից և սննդամթերքի անվտանգության վերաբերյալ քննարկումներից: Մեր շփումների ընթացքում ես կարողացա նկատել Ծառայության զարգացումն ու տեսնել, թե ուր է հասել և ուր է գնում սննդամթերքի անվտանգության համակարգը Հայաստանում, բառիս դրական իմաստով»: