ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն2013թ. մայիսի 5-ին` ժամը 01:30-ի սահմաններում, Մեղրի մաքսակետ-Երևան Մ-2 միջպետական ավտոմայրուղու 76-րդ կմ-ում «Սկանիա» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով կցորդին ամրացված ցիստեռնի մեջ բեռնված նատրիումի հիպոքլորիդի խտալուծույթը (ակտիվացված քլորով լուծույթ՝ «ժավել») թափվել է ճանապարհամերձ հողատարածքում և Ողջի գետի մեջ` շրջակա միջավայրին պատճառել վնասներ: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ՀՀ ԲՆ բնապահպանության պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Սյունիքի մարզային կենտրոնի աշխատակիցների կողմից կատարվել է դեպքի վայրի և Ողջի գետի զննություն: Ողջի գետի ծանծաղուտ հատվածներում հայտնաբերվել են «Բեղլու» և «Կողակ» տեսակի անկած 98 ձկներ, որոնցից կատարվել է նմուշառում, 12 հատն ուղարկվել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ` փորձաքննության, սակայն փորաձաքննության եզրակացությունը դեռևս պատրաստ չէ:

Ծառայություն վերջին մի քանի օրվա ընթացքում ահազանգեր են ստացվում, որոնցով ՀՀ քաղաքացիներն անհանգստություն են հայտնում շուկայահանված ձկան՝ այս դեպքի հետ առնչություն ունենալու կապակցությամբ: Այս առթիվ հայտնում ենք, որ Ծառայությունը, դեպքի հետ կապված, իրականացնում է հսկողություն իր լիազորությունների շրջանակում. մնացած 86 անկած ձկները ոչնչացվել են, որի մասին կազմվել է անկած ձկների ոչնչացման արձանագրություն: Այսպիսով, անկած 98 ձկներից ոչ մի հատ ձուկ շուկայահանված չէ: