Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներին առնչվող 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն, սույն թվականի ապրիլի 22-ին ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ՔՊ ղեկավար կազմի հետ անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հարձակման վտանգի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մասնակցել են ԱԻՆ փրկարարական ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Արման Խաչիկյանը և բնակչության պաշտպանության կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Կարեն Սահակյանը:

Նպատակն էր՝ ստուգել Տեսչական մարմնի և ենթակա կառույցների ՔՊ ղեկավար կազմի, ՔՊ շտաբերի, տարհանման հանձնաժողովի, ՔՊ կազմավորումների պատրաստակամության աստիճանը և ՔՊ պլանի իրատեսության գնահատումը։

Ուսումնավարժության ընթացքում գործնականորեն իրականացվել են ազդարարում, հավաք, խնդրադրում և զեկույցների ունկնդրում: Մեկնարկը տրվել է ժամը 07:00-ին՝ «Հայտարարված է հավաք» ազդանշանով: Ժամը 09:00-ին խորհրդակցությունների դահլիճում տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի կողմից տեղի է ունեցել ղեկավար կազմի խնդրադրում` Տեսչական մարմնի ՔՊ համակարգը «Բարձր» պատրաստակամության աստիճանի փոխադրելու և «Ուժեղացված» աշխատանքային ռեժիմի անցնելու վերաբերյալ: Մասնակիցները, համաձայն, ՔՊ և խաղաղ պայմաններից պատերազմական ժամանակի փոխադրման պլանի, ներկայացրել են զեկույցներ իրականացված միջոցառումների վերաբերյալ: Ժամը 11։30-ին տեղի է ունեցել ղեկավար կազմի ունկնդրում, որի ընթացքում ընթերցվել են ՔՊ պետին ներկայացվող ամփոփ զեկույցները։

Քննարկվել են՝

  • ՔՊ կազմավորումների գույքով և սարքավորումներով հագեցման,
  • պաշտոնատար անձանց փոխատեղելիության,
  • սննդամթերքի ճառագայթային, քիմիական և կենսաբանական աղտոտվածության և աղտահարվածության նկատմամբ լաբորատոր հսկողության ուժեղացման,
  • գյուղատնտեսական բույսերի և կենդանիների պաշտպանության, ինչպես նաև գյուղատնտեսական հումքի, պարենի, պաշարների ապակենտրոնացման և դրանց պահպանման համար պահեստների ցանցի ծավալման,
  • կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նկատմամբ անասնաբուժասանիտարական գործունեության ուժեղացված հսկողության իրականացման,
  • անկած կենդանիներից նմուշառման և լաբորատոր հետազոտության անցկացման,
  • սանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողության իրականացման, ինչպես նաև բուսասանիտարական հսկման ենթակա բեռների զննման հարցերը:

Ուսումնական հարցերն իրականացվել են ամբողջ ծավալով: