ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնը հունվարի 27-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ «Սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ Լոռու մարզի «Սպիտակի բժշկական կենտրոն» են ընդունվել Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք համայնքի 11 բնակիչ:
Նույն օրը՝ ահազանգն ստանալուց անմիջապես հետո, ՍԱՊԾ մարզային կենտրոնի մասնագետներն այցելել են նախ նշված բժշկական կենտրոն, ապա՝ «ԱՐԹՎԱՐԴ» ՍՊԸ և ՍՊԸ-ին պատկանող «Թեժ կրակ» անվանումով հանրային սննդի օբյեկտ, որտեղ և սնվել էին հոսպիտալացված անձինք:
Ծառայության մասնագետները հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքից (հումքից, քանի որ պատրաստված սննդից մնացորդ չի եղել) նմուշառումներ են կատարել և ուղարկել լաբորատոր փորձաքննության: Միաժամանակ, Ծառայությունը քայլեր է ձեռնարկել, հետագծելիության սկզբունքով, ընկերությանը սնունդ մատակարարող կազմակերպություններին հայտնաբերելու և ողջ շղթայում վերահսկողությունն ապահովելու նպատակով: Այս մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից 27.01.2017թ-ին տրվել է նշված ընկերության արտադրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագիր. տնտեսավորող սուբյեկտի գործունեությունը դադարեցված է:
Հավելենք, որ «ԱՐԹՎԱՐԴ» ընկերության գործունեությունը ՍԱՊԾ-ն արդեն իսկ համարել էր բարձր ռիսկային՝ ընդգրկելով տնտեսավարողին 2017 թվականի ստուգումների տարեկան ծրագրում. ստուգումները կիրանացվեն այս օրերին:
Դեպքի համակողմանի ուսումնասիրության և վտանգի աղբուրի բացահայտման նպատակով՝ ՍԱՊԾ մասնագետները համագործակցում են այլ գերատեսչությունների գործընկերների հետ: