Print

Լուրեր.com կայքը պարբերաբար անդրադառնում է «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումների խնդրին, որոնք ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի հրամանով իրականացված դիտարկման արդյունքում հանվել են շրջանառությունից և պահեստավորվել հետագա գործողությունների համար:

Հիշեցնենք, որ ծառայությունը դիտարկում է իրականացրել «Լիդա» ապրանքանիշով կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման և պիտանիության ժամկետի նկատմամբ: Արդյունքում պարզվել է, որ բացակայում է օրենսդրությամբ սահմանված կարգի հայերեն մակնշումը, ԵԱՏՄ համապատասխանության գնահատումը հավաստող միասնական նշանի մակնշումը և՝ որ տվյալ ապրանքատեսակների մասին տեղեկատվություն չկա ԵԱՏՄ պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից պետական վերահսկողությունն իրականացվում է համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի:

Դիտարկումը, որի սահմանումը և իրականացման ընթացակարգերը տրված են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում և 8-րդ հոդվածում, հանդիսանում է պետական վերահսկողության իրականացման միջոց և տվյալ պարագայում դիտարկման շրջանակներում իրականացված գործողությունները բավարար են եղել պատշաճ պետական վերահսկողություն ապահովելու համար:

Ինչ վերաբերվում է կասեցված կենսաբանական ակտիվ հավելումների հետագա ճակատագրին, ապա հարկ ենք համարում նշել, որ ծառայության կողմից տրվել են ցուցումներ տվյալ ապրանքատեսակի համապատասխանության գնահատում՝  պետական գրանցում, իրականացնելու վերաբերյալ (Տեղեկանք. Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» ТР ТС 021/2011 տեխնիկական կանոնակարգով՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում իրացվող սննդամթերքը ենթակա է համապատասխանության գնահատման: Համաձայն ТР ТС 021/2011 տեխնիկական կանոնակարգի՝ կենսաբանական ակտիվ հավելումները հանդիսանում են հատուկ նշանակության սննդամթերք և տվյալ խմբի ապրանքների համար համապատասխանության գնահատման ընթացակարգ է հանդիսանում հատուկ նշանակության ապրանքների պետական գրանցումը: Պետական գրանցման ընթացակարգերը հանդիսանում են իրավասու լիարժեք գործողությունների համալիր, որով ապահովվում է գրանցման ենթակա ապրանքատեսակների անվտանգության, ըստ նշանակության օգտագործման, մակնշման սահմանված պահանջների, ինչպես նաև, համաձայն ԵԱՏՄ 021 տեխնիկական կանոնասկարգի 7-րդ հավելվածի, «այն բույսերի եւ դրանց վերամշակումից ստացվող արտադրանքի, կենդանական ծագում ունեցող օբյեկտների, միկրոօրգանիզմների, սնկերի եւ կենսաբանորեն ակտիվ նյութերի ցանկը, որոնց օգտագործումը որպես կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում արգելվում է» սահմանված պահանջների ապահովումը: Համապատասխանության գնահատման (հաստատման) ընթացակարգերն անցած սննդամթերքը մակնշվում է Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով):

Կայքը պնդում է, որ «ՍԱՊԾն «Լիդա» կենսաբանական հավելումներից պետք է նմուշառում կատարեր կամ կատարի ու համապատասխան հարցադրումներով ներկայացնի համապատասխան փորձաքննության, որպեսզի պարզի, թե այն վտանգավոր եղե՞լ է այն անձանց համար առողջության համար, ում ավելի վաղ իրացվել է…»:

Տեղեկացնենք, որ «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումների ենթադրյալ վտանգավոր լինելու հետ կապված ծառայությունը որևէ պատկան մարմնից՝ արագ արձագանքման միջազգային համակարգերից, ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններից, կամ քաղաքացիներից որևէ ահազանգ մինչ այժմ չի ստացել: Ի՞նչով է պայմանավորված կայքի ենթադրությունը, թե դրանք վտանգավոր են:

Ծառայությունը վերահսկող մարմին է, որը փորձում է սահմանափակումների կիրառման միջոցով հնարավորինս օգնել, ուղղորդել տնտեսավորողին վերացնելու թերությունները: Տվյալ դեպքում հավելումների իրացման կասեցումը բավարար և արդարացված միջոց է: