ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն ընտրվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունում (ԿԱՀԿ) Հայաստանի Հանրապետության պատվիրակ:
Հովհաննես Մկրտչյանը ծնվել է 1970 թվականին, սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում և Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 26 Կոմիսարների շրջանի հակահամաճարակային կայանում՝ աշխատելով որպես դեզինֆեկտոր, այնուհետև երկար տարիներ աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում՝ որպես պրեպարատոր: 2009-2011 թթ.-ին աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունում` գլխավոր մասնագետ, բաժնի պետ: 2011 թ-ից ի վեր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետն է: Ծավալում է նաև ակտիվ հասարակական գործունեություն, հանդիսանում է Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» համատիրության հիմնադիր և նախագահ, ինչպես նաև թիվ 48 միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ:
Հ.Գ.
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը ձևավորվել է դեռևս 1924 թ.-ին Փարիզում, իսկ 2003 թ.-ին մայիսին վերաանվանվել է և ստացել ներկայիս անվանումը: Վերջինս միջկառավարական կազմակերպություն է, որը հանդիսանում է կենդանիների առողջության պատասխանատու մարմին: Այս պահի դրությամբ ԿԱՀԿ կազմում գործում է 180 անդամ-պետություն: