Արձագանքելով լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանն այն մասին, որ ուկրաինական «Ռոշեն» («Roshen») ապրանքանիշի մի քանի գործարանների արտադրանքի ներմուծումը ՌԴ արգելվել է՝ դրանում բենզո(ա)պիրենի առկայության հայտնաբերման պատճառով՝ ս.թ. հուլիսի 30-ից 31-ը Ծառայության կողմից իրականացվել է Երևան քաղաքում շուկայահանված «Ռոշեն» («Roshen») ապրանքանիշի հրուշակեղենի դիտարկում` հետևյալ հարցերի շրջանակներում`

1) մակնշմանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը.

2) փաթեթավորման միջոցով անվտանգության ապահովումը.

3) պահման պայմաններին համապատասխանությունը.

4) պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի իրացումը:

«Ռոշեն» ապրանքանիշի հրուշակեղենի մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով կատարվել է հսկիչ գնում և իրականացվել է անվտանգության և ֆիզիկաքիմիական ցուցանիշներով լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել:

Բենզո(ա)պիրեն ցուցանիշի փորձաքննության հետ կապված՝ Ծառայությունը կատարել է ՀՀ-ում գործող փորձարկման լաբորատորիաների կարողությունների վերաբերյալ հարցում, որի արդյունքում նոր սարքավորումների հրատապ ձեռքբերման անհրաժեշտություն է առաջացել: Ծառայության ջանքերով և լաբորատորիաների համագործակցության շնորհիվ Հանրապետություն է ներմուծվել և տեղադրվել համապատասխան սարքավորում, որի օգնությամբ հնարավոր է դարձել գնահատել փորձանմուշում բենզո(ա)պիրենի և այլ նյութերի առկայությունը:

Համաձայն լաբորատոր փորձաքննության եզրակացության՝ ՀՀ-ում շուկայահանված «Ռոշեն» («Roshen») ապրանքանիշի հրուշակեղենում բենզո(ա)պիրեն չի հայտնաբերվել: