ssfsԱպրիլի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը և գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանը լրագրողներին մանրամասներ են հաղորդել հանրապետության անասնահամաճարակային իրավիճակի, մասնավորապես՝ վերջին ժամանակահատվածում գրանցված կենդանիների բրուցելոզի դեպքերի վերաբերյալ:

Հովհաննես Մկրտչյանն ընդգծել է, որ հանրապետությունում չկան կարանտին սուր վարակիչ հիվանդությունների դեպքեր:

Ներկայացնելով հանրապետության տարածքում կենդանիների բրուցելոզ հիվանդության ամբողջական պատկերը՝ նա տեղեկացրել է, որ այս պահի տվյալներով՝ խոշոր եղջերավոր կենդանիների հիվանդության դեպքերը 644-ն են, իսկ մանր եղջերավոր կենդանիներինը՝ 285-ը: Բանախոսները նշել են, որ շարունակում են իրականացնել «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում անցկացվող անասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումները: 2015 թվականի ընթացքում պատվաստումներ են կատարվել 9 հիվանդությունների նկատմամբ. դրանք են՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզը, դաբաղը, սիբիրախտը, պաստերելյոզը, խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլյոզը, էմկարը, խոզերի դասական ժանտախտը, թռչունների կեղծ ժանտախտը և մեղուների վարրոատոզը:

Բանախոսները պատասխանել են նաև լրագրողների հարցերին՝ պարզաբանելով վարակների ներթափանցման հիմնական պատճառները և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման կարևորությունը՝ հորդորելով սպառողներին զերծ մնալ անհայտ ծագման կենդանական ենթամթերք կամ անհրաժեշտ ջերմային մշակում չանցած կաթնամթերք օգտագործելուց: