Միավորված ազգերի կազմակերպության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի գագաթնաժողովի ժամանակ հունիսի 7-ը պաշտոնապես ընդունվել է որպես Սննդաթմերքի անվտանգության միջազգային օր: «Սննդամթերքի անվտանգությունը բոլորիս գործն է» կարգախոսով էլ այս տարի այն նշվում է: Հենց այս համատեքստում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն Ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ նախաձեռնել էր «Սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները և կրթության դերը» թեմայով կլոր սեղան-քննարկում: Մասնակցում էին ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, դասախոսներ և Տեսչական մարմնի աշխատակիցներ:
Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ողջույնի իր խոսքում, շնորհավորելով բոլորին, ասել է, որ օրվա խորհուրդն է Հայաստանում վեր հանել սննդամթերքի անվտանգությանն առնչվող խնդիրները, փորձել համատեղ լուծումներ գտնել: «Պետք է համագործակցության բոլոր հնարավոր ուղիներով փնտրել և ունենալ սննդամթերքի անվտանգության կառավարման այնպիսի համակարգ և միջավայր, որպեսզի սպառողը վստահ լինի, որ սննդամթերքի արտադրությունից մինչև սպառման բոլոր օղակներում մեր սննդամթերքն անվտանգ է: Այսօրվա նպատակն է նաև տեսնել, թե ինչ անելիքներ ունենք կրթական համակրգում: Շատ ուրախ եմ, որ արդեն ավանդույթ են դարձել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ մեր համատեղ միջոցառումները»,- ասել է պարոն Ուռուտյանը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է Սննդամթերքի անվտանգության օրը կարևորելու և առաջին անգամ այն նշելու մասին: Հույս հայտնելով, որ սա կլինի շարունակական, Տեսչական մարմնի ղեկավարը նշել է,- «Օրը շատ ճիշտ կարգախոսով է սկսվել՝ սննդամթերքի անվտանգությունը բոլորիս գործն է: Ունենալով 170 տեսուչ մենք չենք կարող լինել ամենուր, ամեն րոպե և վերահսկել ամեն ինչ, եթե չկա հասարակական վերահսկողություն: Կամայական սպառող, հասրակական կազմակերպություն և յուրաքանչյուր քաղաքացի, երբ գիտակցի, որ սննդի անվտանգությունը նաև իրենից է կախված, մենք այս ոլորտում կունենանք արդյունք»:
ՍԱՊԾ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը խոսել է սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա մարտահրավերների և պետական վերահսկողության արդյունավետության մասին: Նա նշել է, որ երկրում սննդամթերքի անվտանգության ապահովումն ունի կարևորագույն պետական նշանակություն: «21-րդ դարում սննդամթերքի անվտանգության խնդիրը ոչ պակաս արդիական է, չնայած մեր ժամանակի անվերջ գիտական և տեխնիկական ձեռքբերումներին: Տարվա ընթացքում 365 օր մենք զբաղվում ենք սննդամթերքի անվտանգությամբ, բայց սա ևս մեկ առիթ է, ոլորտում առկա խնդիրների մասին բարձրաձայնելու համար»:
Անվտանգ սննդի հինգ հիմնական սկզբունքները
Պահպանել մաքրություն | Ինչո՞ւ |
|
Թեև միկրոօրգանիզմների մեծ մասը հիվանդություն չեն առաջացնում, սակայն վտանգավոր միկրոօրգանիզմները լայնորեն տարածված են հողի, ջրի, կենդանիների և մարդկանց մեջ: Այս միկրոօրգանիզմները փոխանցվում են ձեռքերի, մաքրող լաթերի և խոհանոցային պարագաների, հատկապես կտրտման տախտակի միջոցով և ամենաաննշան շփումը կարող է դրանց սննդի մեջ փոխանցվելու և սննդային հիվանդություններ առաջացնելու պատճառ դառնալ: |
Առանձնացրեք հումը եփածից | Ինչո՞ւ |
|
Հում սննդամթերքը, հատկապես միսը, թռչնամիսը, ծովամթերքը և դրանց հյութերը կարող են պարունակել վտանգավոր միկրոօրգանիզմներ, որոնք կարող են փոխանցվել այլ սննդի մեջ` դրանց պատրաստման և պահպանման ժամանակ: |
Ենթարկեք մանրակրկիտ ջերմամշակման | Ինչո՞ւ |
|
Պատշաճ ջերմամշակումը սպանում է գրեթե բոլոր վտանգավոր միկրոօրգանիզմներին: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, սննդամթերքի տաքացումը մինչև 70°C, այն կարող է անվտանգ դարձնել սպառման համար: Հատուկ ուշադրություն պահանջող արտադրանքների ցանկում են աղացած միսը, մսային ռուլետը, մսի մեծ կտորները և ամբողջական թռչնամիսը: |
Սննդամթերքը պահպանեք անվտանգ ջերմաստիճանում | Ինչո՞ւ |
|
Եթե սնունդը պահպանվի սենյակային ջերմաստիճանում միկրոօրգանիզմները կարող են շատ արագ բազմանալ:
5°C-ից ցածր և 60°C-ից բարձր ջերմաստիճանում մանրէային աճը դանդաղում կամ դադարում է: Որոշ վտանգավոր միկրոօրգանիզմներ շարունակում են կրկնապատկվել 5 ° C- ի պայմաններում: |
Օգտագործեք մաքուր ջուր և մաքուր պարենային հումք | Ինչո՞ւ |
|
Սննդամթերքի հումքը, ներառյալ ջուրը և սառույցը, կարող են աղտոտված լինել վտանգավոր միկրոօրգանիզմների և քիմիական նյութերի կողմից:
Թունավոր քիմիկատները կարող են գոյանալ վնասված և բորբոսնած սննդամթերքի մեջ: Ուշադրությունը հումքի ընտրության և պարզ միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են` լվանալը և մաքրումը, կարող է նվազեցնել ռիսկը: |