ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ համատեղ անցկացրել են «Գյուղատնտեսության և սննդի ոլորտում հակամանրէային ռեզիստենտականության (ՀՄՌ) նվազեցում» ծրագրի գնահատում (ծրագիրն իրականացվում է աշխարհի 6 երկրներում, Հայաստանն առաջինն է դրանց մեջ): Այն նպատակ ունի ընտրված երկրներում աջակցել ՀՄՌ-ի ազգային գործողությունների ծրագրի իրականացմանը և բարելավմանը՝ ներգրավելով սննդի և գյուղատնտեսության ոլորտները: Հայաստանում ծրագրի մեկնարկը տրվել է սննդամթերքի անվտանգության, կենդանիների առողջության, առողջապահության և բնապահպանության ոլորտների շահագրգիռ կողմերի և փորձագետների հանդիպումով: Փորձագետները ներկայացրել են ՊԳԿ-ի՝ լաբորատորիաների և հակամանրէային ռեզիստենտականության վերահսկման համակարգերի (FAO ATLASS) գնահատման գործիքը: FAO ATLASS-ի ներկայացուցիչներից Արթուր Շամիլովը (ՀՄՌ ծրագրի համակարգող)  միջոցառման մասնակիցներին  ներկայացրել է, որ Հայաստանում կատարվել է լաբորատոր հզորությունների գնահատում, իրականացվել է հակամանրէային ռեզիստենտականության առկա աշխատանքների համեմատականներ, ինչի արդյուքնում պատրատսվել է նախնական հաշվետվություն:

«Այս միջոցառումը  գերկարևոր է հանրային առողջության տեսանկյունից, և սա այն հիանալի դեպքերից է, երբ հստակ երևում է, թե ինչքան  կարևոր է  «Մեկ Առողջության» սկզբունքի կիրառումը»,- շնորհակալություն հայտնելով ՊԳԿ-ին կատարված մեծածավալ աշխատանքի համար՝ ընդգծել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Հակամանրէային ռեզիստենտականությունը վերջին տարիների համար շատ արդիական խնդիր է համ համաշխարհային առողջապահական, համ կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունների տեսանկյուններից:

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը գնահատելով միջոցառման կարևորությունը նշել է, որ հակամանրէային նյութերի նկատմամբ ռեզիստենտականությունը բնականաբար շատ կարևոր է մարդու առողջության տեսանկյունից: Քանի որ մեր սննդակարգում շատ կարևոր նշանակություն ունեն կենդանական ծագում ունեցող մթերքները, այդ պատճառով կաթնամթերքի, մսամթերքի, ընդհուպ մեղրի և ձկան միջոցով, կարող ենք ստանալ հակաբիոտիկների փոքր քանակություններ: Ծրագիրն իր մեջ նպատակ ունի հասկանալ, թե որքանով է Հայստանում ուշադրություն դարձվում հակամանրէային նյութերի ռեզիստենտականությանը և պետական վերահսկողությանը: