ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ապրիլի 1-ին կազմակերպվել էր հանդիպում, որին հրավիրվել էին մի խումբ ջերմոցատերեր` պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Սամվել Գալստյանը, Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը, աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը և պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպման ընթացքում նշվեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լայն հնարավորություններ է ստեղծել հանրապետությունում պտուղ-բանջարեղենի արտադրության ու արտահանման ծավալների ավելացման համար, քանի որ ընթացակարգերն առավելագույնս պարզեցված են:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանն ու բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը մանրամասնեցին պտուղ-բանջարեղենի, մասնավորապես` լոլիկի արտահանման ընթացակարգերի փոփոխությունները: Ներկաների ուշադրությունը հրավիրվեց այն փաստի վրա, որ ԵԱՏՄ անդամ այլ պետության տարածք Հայաստանից արտահանում կատարելու համար տնտեսավարողից որևէ փաստաթուղթ չի պահանջվում: Իսկ տնտեսավարող սուբյեկտին արտահանում իրականացնելիս ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից անվճար տրվում է բուսասանիտարական հավաստագիր: Հավաստագիրը տրվում է մաքսային ձևակերպումներ իրականացնելիս` ծառայության տեսուչների կողմից բեռը զննելուց հետո:
Հարկ է նշել, որ ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ այլ պետության տարածք արտահանում իրականացնելի բուսասանիտարական հավաստագրի ձեռքբերումն անհրաժեշտ է միայն բարձր ռիսկայնությամբ բուսասանիտարական հսկողության բեռների համար:
ՍԱՊԾ ներկայացուցիչները ներկաներին տեղեկացրին, որ Ծառայության աշխատակազմի սահմանային հսկիչ կետերի հեռախոսահամարները հրապարակված են www.ssfs.am կայքում, ինչպես նաև հորդորեցին ցանկացած հարցի դեպքում զանգահարել Ծառայության թեժ գծի հեռախոսահամարով` 010 206040` վստահեցնելով, որ դրանց սեղմ ժամկետում պատասխաններ կտրվեն: