ldavtyanՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը նոյեմբերի 24–ին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է 2016 թվականից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ տեխնիկական նոր կանոնակարգերն ու սերտիֆիկացման պահանջները:

Լուսինե Դավթյանը նշել է, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի համաձայն` սննդամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների համար վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի կիրառումն արտադրության կազմակերպման ընթացքում դառնում է պարտադիր պայման: Բացի արտադրությունից տնտեսավարողը նաև պատասխանատվություն է կրում վերջնական արտադրանքի անվտանգության համար։ Լուսինե Դավթյանը նաև պարզաբանել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով նախատեսված սննդամթերքի մակնշման պահանջները՝ մանրամասնելով, որ թե ապրանքը, թե արկղը կամ տարան պետք է լինեն փաթեթավորված ու մակնշված։ «Արտադրողն ինքն է հայտարարում, որ իր ապրանքը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և լրացուցիչ սերտիֆիկացման կարիք տվյալ պարագայում չկա»,-նշել է բանախոսը և վստահեցրել, որ այս ընթացակարգը տնտեսվարողների գործը ոչ թե բարդացնում է, այլ՝ պարզեցնում։ Նա նաև տեղեկացրել է, որ անկախ 2016 թվականից ուժի մեջ մտնող նոր կանոնակարգերից՝ այն տնտեսավարողների սերտիֆիկատները, որոնք արդեն տրվել են, կգործեն մինչև նախատեսված ժամկետի ավարտը։ «Հունվարից տնտեսավարողների համար որևէ էական փոփոխություն չի լինի»,- եզրափակել է Լուսինե Դավթյանը։